Շատ զբոսաշրջիկներ Հայաստան են գալիս՝ հատուկ խորովածի փառատոնին մասնակցելու. Ապրեսյան
«Խորովածի փառատոնն արդեն միջազգային կարելի է համարել, թե արտերկրից տաղավարը ներկայացնողների, թե բազմաթիվ զբոսաշրջիկների առումով, ովքեր Հայաստան են գալիս՝ հատուկ այս փառատոնին մասնակցելու»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշեց Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը:
Նշենք, որ այս տարի Ախթալայում օգոստոսի 20-ին կանցկացվի Խորովածի 9-րդ փառատոնը:
Ապրեսյանը շեշտեց, որ այս փառատոնը Հայաստանի այն եզակի միջոցառումներից է, որի համար հատուկ տուրփաթեթներ կան ՌԴ-ում, Բելառուսում, Վրաստանում, Ուկրաինայում:
«Աննախադեպ հետաքրքրություն կա այս փառատոնի հանդեպ: Այն նպատակները, որ մենք դրել ենք մեր առաջ քայլ առ քայլ իրականացնում ենք: Այն, որ Լոռին դառնում է զբոսաշրջային միջավայր, արդեն կարելի է ասել, որ փառատոնը կայացել է»,- նշեց հանդիպմանը ներկա Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը:
Նա տեղեկացրեց, որ փառատոնի մրցութային մասը կսկսվի ժամը 11:00-ին, գեղարվեստական մասը`13:00-ին:
Մամուլյանի խոսքով՝ տարածաշրջանում խոհարարական փառատոնների տեսանկյունից կարելի է ասել Հայաստանն առաջատար դիրքում է:
Փառատոնի գեղարվեստական մասին անդրադարձավ մշակութային մասի պատասխանատու Անդրե Սիմոնյանը՝ նշելով, որ շատ մեծ շեշտ է լինելու մշակութային մասի վրա. «Գեղարվեստական մասը բաղկացած է լինելու երկու մասից՝ առաջինում մեր հին երգերը կներկայացվի ժամանակակից կերպով: Երկրորդ բաժնում կլինեն ժողովրդական երգեր, որտեղ ելույթ կունենան Արսեն Գրիգորյանը, Դավիթ Ամալյանը, Լեյլա Սարիբեկյանը, Մկրտիչ Մկրտչյանը»։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին