Շարմազանով. ՀՀԿ-ին աշխատանքային լուրջ աշուն է սպասում խորհրդարանում
Կուսակցական աշխատանքի ռեսթարթ է տրվել: Այս մասին հայտարարել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կուսակցության ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ հանդիպմանը:
«Մեզ սպասում է աշխատանքային լուրջ աշուն խորհրդարանում: Սկսել ենք քննարկել աշնանը ՏԻՄ ընտրություններում մեր թեկնածուների հարցը, մինչև սեպտեմբերի վերջ ՀՀԿ-ն կկենտրոնանա և կներկայացնի իր թեկնածուներին ՏԻՄ ընտրություններում, 300-ից ավելի համայնքներում ընտրություններ են լինելու»,-շարունակեց Էդուարդ Շարմազանովը:
Նա նշեց, որ այս փուլում Հայաստանը գտնվում է խորհրդարանական պետություն դառնալու անցումային փուլում, կան կարևորագույն օրենքներ, որոնք պետք է ընդունվեն ու ապահովեն խորհրդարանական պետության անցումն ամբողջությամբ:
ՀՀԿ Գործադիր մարմնի՝ երկարատև դադարից հետո հրավիրած հերթական նիստի ընթացքում ամփոփել են նաև ՀՀ նախագահի՝ Իրան կատարած այցի արդյունքները:
ՀՀԿ փոխնախագահ Շարմազանովն ընդգծեց, որ կուսակցությունը կարևորում է Հայաստանի և Իրանի հետ հարաբերությունների զարգացումը տնտեսական, մշակութային, քաղաքական ոլորտներում:
«Դուք գիտեք, որ Իրանը, ի տարբերություն մեր այլ հարևանների, օրինակ, Թուրքիայի, ունի հավասարակշռված դիրքորոշում ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ: Նախագահ Սարգսյանի հետ հանդիպմանը Իրանի նախագահը նշեց, որ Իրանը կողմնակից է բացառապես խնդրի քաղաքական կարգավորմանը: Դա ազդակ է Ադրբեջանին, քանի ոչ Արցախի Հանրապետությունը, ոչ Հայաստանի Հանրապետությունը երբեք չեն խոսել և չեն եղել ռազմական լուծման ջատագովները»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Իրանի հետ էներգետիկ համագործակցության վերաբերյալ հարցին, Շարմազանովը մեջբերեց ՀՀ նախագահի՝ իրանական լրատվամիջոցին տված հարցազրույցից հատված. «Նախագահ Սարգսյանն ասել է Հայաստան-Իրան էներգետիկ համագործակցության խորացման վերաբերյալ Հայաստանի տեսակետը: Նա ասել է, որ փորձագիտական առումով խնդիրը քննարկման փուլում է, պետք է քննարկվի և հստակություն լինի բոլոր շահագրգիռ կողմերի միջև: Բայց մի բան հստակ է, որ մենք պատրաստ ենք առարկայական խորացնել Իրանի հետ մեր էներգետիկ հարաբերությունները, իսկ հավելյալ ինֆորմացիա այս մասին կտան համապատասխան մարմինները»:
Նա ավելացրեց, որ հստակ առաջարկներ են եղել իրանական կողմից, ոչ միայն էներգետիկ ոլորտին առնչվող, այլև այլ ոլորտներին, ինչպես նաև Հյուսիս-հարավ ճանապարհի: