Շարմազանով. ԵՏՄ-ից դուրս գալու մասին խոսակցությունները կեղծ օրակարգ են
«Ես պաշտոնապես չեմ լսել, չեմ տեսել, որ «Ելք» դաշինքը պատրաստ է օրենսդրական նախաձեռնություն ներկայացնել Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու վերաբերյալ»,-հայտարարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ ՀՀԿ ԳՄ նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցին:
Նրա խոսքով, դաշինքում առնվազն մեկ կուսակցություն կա՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը, որը ոչ հետընտրական, ոչ էլ նախընտրական փուլում պաշտոնական կարծիք, հստակ դիրքորոշում այդ մասին չի հայտնել:
Հիշեցնենք, որ «Ելք» դաշինքի կազմում են «Հանրապետություն», «Լուսավոր Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները:
«Բայց սա իրենց խնդիրն է, սա զուտ «Ելք»-ի մասով: Ինչ վերաբերում է մեր դիրքորոշմանը, ապա մենք չենք կարող սատարել այդ դիրքորոշմանը: Գտնում ենք, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանն արդարացված և արդյունավետ է: Առաջարկում ենք մեր գործընկերներին խոսել ոչ թե էմոցիաների և արտաքին քաղաքականության ճաշակի առաջնահերթությամբ, այլ փաստերով: Եթե մենք չմտնեինք Եվրասիական միություն, Հայաստանի բանջարեղենը, լոլիկն ու վարունգը պետք է Փարիզո՞ւմ վաճառեինք: Եթե մենք չմտնեինք ԵԱՏՄ, Հայաստանի կոնյակը, պիտի Ֆրանսիայո՞ւմ ու Մեծ Բրիտանիայո՞ւմ վաճառեինք»,-ասաց նա:
Շարմազանովը չբացառեց, որ աշնանը կարող են արդյունքներ հրապարակել, թե ինչ է տվել Հայաստանին ԵԱՏՄ անդամակցությունը:
«Մենք գտնում ենք, որ դա արհեստական օրակարգ է Հայաստանի քաղաքական կյանքի համար: Ի վերջո, Եվրասիական տնտեսական միություն՝ Հայաստանի մուտքը միայն Հանրապետական կուսակցության կողմից չի պաշտպանվել: Այս որոշումն արժանացել է խորհրդարանական ընդդիմության ճնշող մեծամասնության աջակցությանը: Այդ որոշումն ունեցել է պառլամենտի ճնշող մեծամասնության աջակցությունը»,- ասաց Շարմազանովը, ավելացնելով, որ կողմ են քվեարկել «Բարգավաճ Հայաստանը», ՀԱԿ-ից պատգամավորներ, «Ժառանգություն»-ից՝ Ռուբիկ Հակոբյանը:
Շարմազանովի խոսքով, այսօր ոչ միայն քաղաքական ուժերի, այլ նաև հասարակության ճնշող մեծամասնությունը կողմ է, որպեսզի Հայաստանը լինի Եվրասիական տնտեսական միության կազմում:
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ անդամ լինելը չի նշանակում, որ Հայաստանը չի կարող զարգացնել հարաբերություններն այլ երկրների և միությունների, այդ թվում՝ Եվրոպական Միության հետ, որը «փորձում ենք հաջողությամբ իրականացնել»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան