Չի բացառվում հրդեհի բռնկման ոչ մի վարկած, նաև` մարդկային գործոնը. Ա. Մինասյան
«Վնասի մասին խոսելիս, պետք է նկատի ունենալ, որ «պետական արգելոց» կարգավիճակը նշանակում է, որ կենսաբազմազանությունն այնտեղ թանկ է գնահատվում պետության համար: Եթե այլ տարածքներում նման կորուստը մեկ միավոր է գնահատվում, ապա հատուկ պահպանվող տարածքներում այն նյութականի վերածած` բազմապատկվում է 5-ով»,- այս մասին նշել է ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը՝ լրագրողներին ներկայացրելով կրած վնասները։
«Գիհու պարագայում, մեր կորստի առանձնահատկությունն այն է, որ այս ծառատեսակները դժվար աճող են, գրեթե անհնարին` վերականգնման տեսակետից և այս առումով, այս վնասին չափման միավոր չկա: Մյուս կողմից գիհին իր կենսամիջավայրում հնարավորություն է տալիս առանձին կենդանատեսակների գոյությանը, ինչպիսին օրինակ սև անգղն է, որը գրանցված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում և ապրում է հենց այս կենսամիջավայրում: Նույնը նաև կովկասյան ընձառյուծն է: Կան սողունների մասով կորուստներ, խոշոր կենդանիների կորուստների մասին դեպքեր չունենք, հուրախություն մեզ, բայց ունենք տեղափոխություն այլ վայր, բայց այս պահին դժվար է աել, թե ուր: Դրա համար մեր երկրորդ կարևոր գործողությունն այն է եղել, որ Բնապահպանական պետական տեսչությանը հանձնարարվել է հսկողություն իրականացնել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հարակից տարածքներում, այն որսահանդակներում, որտեղ կարող են տեղափոխվել այդ կենդանիները` որպեսզի որսի սահմանափակումներ կիրառենք և թույլ չտանք, որ այս աղետի հետևանքով լուրջ վնաս պատճառվի մեր կենդանական աշխարհին»,- նշել է նախարարը։
Նա տեղեկացրել է, որ միջազգային կազմակերպություններից արդեն ունեն աջակցության առաջարկներ, բնական վերականգման շրջանակներում, հակահրդեհային միջոցառումներն առավել ուժեղացնելու, տեխնիկական զինվածությունն ավելի հզորացնելու առումով, և դա` միայն «Խոսրովի անտառ» պետական արգելոցին չի վերաբերում, այլ բոլոր հատուկ պահպանվող տարածքներին. «Խոսրովի անտառ» պետական արգելոցն ունի պահպանվող տարածքի եվրոպական դիպլոմ, և այս առումով մենք պարտավորություն և պատասխանատվություն ունենք միջազգային հանրության առաջ ևս, և պատահական չէ, որ միջազգային հանրությունն էլ անընդհատ քայլեր է ձեռնարկում, որպեսզի ավելի ուժեղացնի պահպանումը և բարելավի վիճակը»։
Բնապահպանության նախարարի խոսքով՝ հրդեհի պատճառներն առաջիկայում քննության արդյունքում կպարզվի.« Չի բացառվում ոչ մի վարկած, նաև` մարդկային գործոնը, քանի որ հրդեհը բռնկվել է այն հատվածում, որտեղ համայնքային և մասնավոր տարածքներից տեղաշարժը շատ է»:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին