Հայ ըմբիշները վաղը մեկնում են Փարիզ՝ աշխարհի առաջնությանը մասնակցելու
Հայաստանի Հանրապետության ազատ ոճի և հունա-հռոմեական ըմբշամարտի հավաքականները վաղը մեկնում են Փարիզ, որտեղ կայանալու է 2017 թվականի աշխարհի առաջնությունը:
Հավաքականների գլխավոր մարզիչներ Հաբեթնակ Կուրղինյանը և Լևոն Ջուլֆալակյանը հայտարարել են մեր ընտրանու կազմը:
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետությունը Ֆրանսիայի Հանրապետության մայրաքաղաքում կներկայացնեն ազատ ոճի ըմբիշներ Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Վալոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Գեորգի Կետոևը (97 կգ), Լևան Բերիանիձեն (125 կգ) և հունա-հռոմեական ոճի ըմբիշներ Վազգեն Խաչատրյանը (59 կգ), Կարեն Ասլանյանը (66 կգ), Վարշամ Բորանյանը (71 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ), Մաքսիմ Մանուկյանը (80 կգ), Արթուր Շահինյանը (85 կգ) և Արթուր Ալեքսանյանը (98 կգ):
Առաջնության մեկնարկային օրը՝ օգոստոսի 21-ին, իրենց մրցելույթները կսկսեն օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, 85 կգ քաշային Արթուր Շահինյանը, 75 կգ քաշային Կարապետ Չալյանը և 71 կգ քաշային Վարշամ Բորանյանը: Մեր ազատ ոճայինները մրցագորգ դուրս կգան օգոստոսի 25-ին:
2017 թվականի ըմբշամարտի աշխարհի առաջնությունն ընթանալու է օգոստոսի 21-26-ը: