Լուսավոր ու բարի ժպիտով Ադամ Սահակյանի ծննդյան օրն է
Աբովյան փողոց, հին երևանյան մի բակ ու փոքրիկ մի տուն: Ահա այս տանն է անցել Ադամ Սահակյանի մանկությունն ու պատանեկությունը՝ շրջապատված սիրով ու ջերմությամբ:
Այսօր ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի ծննդյան օրն է, նա կդառնար 21 տարեկան:
1996 թվականի օգոստոսի 19-ին Սահակյանների գերդաստանում տոն էր: Խաչատուր Սահակյանի ընտանիքում երկրորդ արու զավակն էր ծնվել, որին Ադամ անունով կնքեցին:
Բակում ամեն ինչ հիշեցնում է Ադամին, նույնիսկ կիսախարխուլ բազրիքները, նրանց տան 120 տարվա դուռը: Ադամը շատ էր սիրում իրենց բակը, այն միջավայրը, որտեղ ապրում էր, այն ամենը, ինչը շրջապատում էր նրան, հատկապես սիրում էր, երբ մի քանի քայլ անելուց հետո անմիջապես հայտնվում էր քաղաքի սրտում՝ Աբովյան փողոցում:
Ծնողների աչքի առաջ ամեն օր նույն պատկերն է՝ Ադամի մանկության խաղերը, բակի երեխաների հետ չարաճճիությունները ու նրա զրնգուն ծիծաղը, որին այդքան կարոտում են ոչ միայն հարազատները, այլև հարևաններն ու ընկերները:
Բակում այսօր մի շատ կարևոր, անփոխարինելի բան պակաս է…
Սահակյանների ջերմ ու հյուրասեր տան պատերին փակցված են Ադամի նկարները, ամենուր նա է ու թվում է՝ ուր որ է լսելու ես Ադամի ձայնը:
Մայրը՝ Գայանե Անտոնյանը մտքերով տեղափոխվել է 1996 թվականի օգոստոսի 19-ը: Շատ լավ հիշում է իր և կրտսեր որդու առաջին հանդիպումը:
«Առաջին անգամ երբ նրան գրկեցի, Ադամն ուշադիր զննում էր ինձ, ես ապշած էի, քանի որ միշտ ասում էին՝ նորածինները չեն տեսնում, բայց ես Ադամի ծնունդով հասկացա, որ նրանք շատ լավ տեսնում են: Նա ուշադիր նայում էր ինձ ու, եթե կարողանար էմոցիաներն արտահայտեր՝ երևի դա հիացմունք էր: Ինչպես ես էի իրենով հիացած, այնպես էլ ինքն` ինձանով»,- ասում է մայրը:
Ադամն ակտիվ, աշխույժ երեխա էր, սակայն ծնողները չեն հիշում, որ անիմաստ, անհեթեթ չարություններ աներ:
Նրանց պատմելով որդին անընդհատ շարժման մեջ էր, շարունակ շտապում էր՝ կյանքում հնարավորինս շատ բան հասցնելու:
Դպրոցական տարիներին Ադամը զբաղվել է կարատեով, բռնցքամարտով, լավ լողում էր, չմուշկներով սահում:
«Եւ կեցվածքով, և իր էությամբ սպորտային էր: Սպորտսմեներն ունեն չգրված օրենք, որ երբեք չեն նահանջում: Երևի դա էլ էր ձևավորվել իր մեջ, որ ապրիլի 2-ին չնահանջեց ու մինչև վերջ մնաց դիրքում»,- պատմում է տիկին Գայանեն:
Ադամն ավագ դասարանում մասնակցում է մի ցուցահանդեսի և դրանից հետո որոշում է՝ ընտրել ճարտարապետ-դիզայների մասնագիտությունը: Բարձր միավորներով էլ ընդունվում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան:
Մայրը ցույց է տալիս այն բազմոցը, որին սիրում էր նստել ու ստեղծագործել Ադամը։
«Գալիս էր տուն, ականջակալները դնում ու սկսում գծագրել»,- ասում է տիկին Գայանեն ու ցույց տալիս պատերին փակցված գրաֆիկական աշխատանքները, որոնք որդին արել է նախահամալսարանական շրջանում և համալսարանում սովորելու ժամանակ:
Նրա խոսքերով՝ թեև դրանք կատարյալ գործեր չեն, բայց իրենց համար Ադամի յուրաքանչյուր ստեղծագործություն թանկ է ու անգնահատելի:
Ծնողներն այսօր հիշում են նրա հետ կապված ամեն դրվագը, հիշողությունը նրանց տանում է Ադամի մանկություն, պատանեկություն, դպրոցական ու ուսանողական տարիներ: Հիշողության ծալքերից հանել են տարիներ առաջ նույնիսկ աննշան թվացող իրադարձությունները:
Մանկության տարիներին Ադամի ծնունդը նշում էին ընտանիքով՝ շրջապատված հարազատներով ու բարեկամներով, իսկ արդեն պատանեկության տարիներին Ադամը ծնունդը նշում էր ընկերների հետ:
Մայրը հիշում է 2015 թվականի օգոստոսի 19-ը, Ադամի 19-ամյակի օրը: Որդին առավոտյան զանգել է տուն, խոսել ծնողների, եղբոր հետ, ստացել նրանց օրհնությունն ու շնորհավորանքները: Քչախոս Ադամը միայն ասել է, որ իր ջոկատով բարձրանում են դիրքեր: Վերջին անգամ ծնունդն անցկացրել է հենց դիրքերում, այն տղաների հետ, որոնց հետ էլ ապրիի 2-ին մինչև արյան վերջին կաթիլը մարտնչեցին ու զոհվեցին:
Ծնողներն այսօր էլ դժվարությամբ են հավատում, որ Ադամը չկա, բայց երախտագիտության զգացումով են լցվում, երբ տեսնում են, որ Ադամին բոլորն են հիշում: Իրենց հյուրասեր օջախում ընդունում են անծանոթ մարդկանց, որոնք չճանաչելով որդուն գալիս են իրենց տուն ու շնորհակալություն հայտնում, խոստանում, որ իրենց զավակներին որդու անունով են կոչելու:
«Համոզված եմ, որ մի տասը տարի հետո բազմաթիվ Ադամներ կլինեն Հայաստանում»,- երևի նաև երազում է տիկին Գայանեն:
Նա գիտե՝ որդին շատերի մոտ մտածելակերպ է փոխել:
«Տարբեր տարիքի մարդիկ այցելում են մեզ ու ասում՝ պետք է այնպես ապրեն, որ արժանի լինեն Ադամին: Իհարկե ինձ համար շատ դժվար է, կուզեի, որ հիմա իմ կողքին լիներ, բայց երբ երկար մտածում եմ՝ հասկանում եմ, որ կյանքով լեցուն, կյանքը սիրող, շատերից չտարբերվող, բայց նաև տարբերվող Ադամը ծնվել էր հերոս լինելու համար». Սրանք հերոս որդի ծնած ու մեծացրած մոր խոսքեր են:
Հարևանները բակում ծիրանենի են տնկել՝ ի հիշատակ Ադամի: Մեծից փոքր ջրում են ծառն ու ամեն անցնող-դարձողի պատմում իրենց բակի լուսավոր տղայի մասին: Աբովյան փողոցի սկզբնամասում փակցված է արցախյան քառօրյա պատերազմի հերոս Ադամ Սահակյանի հիշատակը հավերժացնող հուշաքարը, իսկ մայթին գտնվում է ցայտաղբյուրը, որից ջուր խմող անցորդները մտքում հիշում են լուսավոր, բարի ժպիտով Ադամին ու իրենք էլ ցավը սրտում շնորհակալություն հայտնում հերոսին ու նրա նման անվերադարձ գնացած հերոս տղաներին:
Ադամ Սահակյանը 2015 թվականի հունվարի 26-ին մեկնել է ծառայության Արցախ, Ջրական (Ջաբրայիլ): 2016 թվականի ապրիլի 1-ի առավոտյան բարձրացել էր դիրքեր և նույն օրվա գիշերը՝ ժամը 3։00-ի սահմաններում տեղի է ունեցել հարձակումը։ Թշնամու կողմից դիրքերի՝ 15-20 րոպե տևած ծանր հրետակոծությունից հետո 112 դիրքի («Լալայկա» կոչվող բարձունք) ավագ Ադամ Սահակյանի գլխավորությամբ 7 հոգուց բաղկացած սահմանապահ ուժերն անցնել են շրջանաձև պաշտպանության։ Սերժանտ Ադամ Սահակյանը, իր զինակից ընկերների հետ 5 ժամ շարունակ մարտնչելով թշնամու դեմ, հասցնելով նրան զգալի կորուստներ (200-ից ավելի սպանված հատուկջոկատային), ընկել է հերոսի մահով՝ առավոտյան ժամը 8:00-ի սահմաններում։ Ծավալված թեժ ու անհավասար մարտերի ընթացքում դիրքի անձնակազմը մարտնչել է մինչև վերջին փամփուշտն ու ընկել քաջի մահով:
Ադամն այնքան ճիշտ է կազմակերպել մարտը, որ թշնամին մի քանի ժամ չի կարողացել դիրքը գրավել ու առաջ շարժվել: Թշնամու հանկարծակի հարձակման ժամանակ անձնակազմը չի երկնչել և քայլ անգամ չի նահանջել, ցուցաբերելով խիզախություն ու արիություն` փորձել է բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանել և հետ շպրտել հակառակորդին: Ադամն իր զինակից ընկերներով կոտրելով թշնամու ողնաշարը՝ կանխել են նրա առաջխաղացումը դեպի երկրի խորքը և տապալել հակառակորդի մշակած՝ կայծակնային պատերազմի միջոցով արագ հաղթանակի հասնելու ծրագիրը:
Ադամ Սահակյանը ԼՂՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, ՀՀ նախագահի հրամանագրով՝ «Արիության» մեդալով»:
Հարակից հրապարակումներ`
- Փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանն այսօր կդառնար 35 տարեկան
- Այսօր ապրիլյան պատերազմում զոհված փոխգնդապետ Օնիկ Գրիգորյանի ծննդյան օրն է
- Քանդակագործը. Ապրիլյանում ընկած զինվորի գործը փորձում են ապրեցնել մայրն ու եղբայրը
- Ապրիլյան պատերազմում զոհված Միշա Աղաջանյանն այսօր կդառնար 21 տարեկան
- Ապրիլյան պատերազմի հերոս Աշոտ Շահբազյանի ծննդյան օրը բացվել է նրա հիշատակը հավերժացնող հուշակոթող
- Ապրիլյան պատերազմում զոհված սերժանտ Վլադիմիր Մելքոնյանն այսօր կդառնար 21 տարեկան
- Հայրենիքի սերը՝ կյանքից առավել. Սասուն Մկրտչյան
- Մայիսի 18-ը ապրիլյան պատերազմում զոհված Դավիթ Հայրապետյանի ծննդյան օրն էր
- Բենիամին Եղոյան՝ Մոնթե. Ապրիլյան պատերազմի հերոսն այսօր կդառնար 25 տարեկան
- Արգիշտի Գաբոյան. ապրիլյան պատերազմում հերոսացած ավագ լեյտենանտն այսօր կդառնար 26 տարեկան
- Մարտակերտի արծիվներից մեկը՝ Անդրանիկ Զոհրաբյանն այսօր կդառնար 21 տարեկան
- Ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանն այսօր կդառնար 21 տարեկան
- Սարգիս Սահակյան. ապրիլյան պատերազմում զոհված հերոսն այսօր կդառնար 22 տարեկան
- Կարեն Ներսիսյան. ապրիլյան պատերազմում հերոսացած զինվորն այսօր կդառնար 20 տարեկան
- Աղոթք ու խնկարկում` ի հիշատակ ապրիլյան պատերազմի զոհերի
- Տիգրան Բերակչյան. ապրիլյան պատերազմում հերոսացած զինվորն այսօր կդառնար 20 տարեկան
- Այսօր ապրիլյան պատերազմում զոհված, ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի ծննդյան օրն է
- Ապրիլյան պատերազմի հերոս Աղասի Ասատրյանն այսօր կդառնար 21 տարեկան
- Այսօր ապրիլյան պատերազմում զոհված Վլադիմիր Նարինյանի ծննդյան օրն է
- Փետրվարի 15-ը ապրիլյան պատերազմում զոհված Գրիգոր Հարությունյանի ծննդյան օրն էր
- «Պատերազմ ա, վիճակը լավ չի. մամային, պապային չասես, պետք լինի գլուխս էլ կտամ ձեր համար». տանկիստ Նորայր Գասպարյան
- Ապրիլյան պատերազմում հաղթեց, բայց չվերադարձավ հայրենի գյուղ. Սևակը՝ 20 տարեկան
- Հունվարի 29-ին ապրիլյան պատերազմում զոհված տանկիստ Վլադիմիր Ալիխանյանը կդառնար 21 տարեկան
- «Մամ, ես բանակի տղան եմ». այսօր Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է
- Ապրիլյան պատերազմում զոհված Գոռ Կիրակոսյանն այսօր կդառնար 21 տարեկան
- Ապրիլյան պատերազմում զոհված ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանն այսօր կդառնար 24 տարեկան
- Ապրիլյանում զոհված Ազատ Սիմոնյան. «Երդվում եմ մայրիկ՝ մի օր տուն կգամ»
- Ապրիլյան պատերազմում զոհված Հենրիկ Ղահրամանյանն այսօր կդառնար 20 տարեկան
- Արտիմետում նշել են ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Արամ Աբրահամյանի ծննդյան օրը
- Ռոբերտ Աբաջյանն այսօր կդառնար 20 տարեկան
- Ադամն իր կյանքի տաղանդավոր գծանկարը գծեց մարտի դաշտում՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին