Ձեռքը զարկերակին՝ Արցախի տնտեսություն
Կարծում եմ Արցախի Հանրապետությունում տնտեսությունը շատ ավելի տանտիրոջ հոգատարությամբ է վարվում, քան Հայաստանի Հանրապետությունում: Ասենք՝ աճող ուշադրությունը ճանապարհաշինությանն ու ջրատարների կառուցմանը, ձիթենիների ու նռնենիների այգիների հիմնումը… ոչ միայն խոսում է ստանդարտ ու նվազագույն անհրաժեշտ քայլերի առաջնահերթության կատարման մասին, այլև այն մասին, որ Արցախում ուշադրություն են դարձնում, թե ինչն է պետք բնական զարգացնել. Մեր Հայոց երկիրը հայտնի է եղել ձիթենյաց այգիներով, իսկ նռնեին մեր բնակլիմայական պայմաններում սովոր ծառերից է:
Խոսրովի արգելոցում մեծամասշտաբ հրդեհի ցավալի դեպքը վերանայելիս, Արցախի բնությանը հոգատար ու խելացի մոտեցումը կրկնակի գնահատելի է:
Սա՝ իմ դիտարկմամբ:
Ինչն եք համարում առաջնայինը Արցախի տնտեսության զարգացման քաղաքականությունը ծրագրավորելիս,-հարցնում եմ ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանին:
Արտակը անհարմար է զգում Հայաստան-Արցախ իմ համեմատությունից: Բայց ես մտածում եմ, որ ճիշտ եմ: Այնքան մայրեր, որ իրենց որդերին տվել ու տալիս են Արցախին, հետո իրենց որդու նման են նայում երկրին: Այն, ինչ չի ստացվել կամ ստացվում Հայաստանում, հայերս ուզում ենք, որ Արցախում իդեալական լինի…
Բեգլարյանը առանձնացնում է իմ հարցը ու սկսում իր պատասխանը դրանից. «Թույլ տվեք հարցնել՝ ինչն եք համարում առաջնայինը Արցախի տնտեսության զարգացման քաղաքականությունը ծրագրավորելիս»:
Արտակ Բեգլարյան. «Արցախի տնտեսության զարգացման քաղաքականությունը ծրագրավորելիս առաջնային է այն հանգամանքը, որ պետք է հաշվի նստենք եղած իրականության հետ՝ ներառյալ մեզ համար առաջնահերթ խնդիրներն ու նպատակները, սահմանափակումներն ու համեմատական առավելությունները: Այսինքն, յուրաքանչյուր նախագծում հիմնային կերպով պետք է հաշվի առնվի դրա անվտանգային բաղադրատարրը, ինչպես նաև՝ ազդեցությունը հանրապետության և կոնկրետ տվյալ շրջանի բնակչության կենսամակարդակի բարելավման վրա:
Այդ մոտեցման շնորհիվ՝ վերջին տարիներին էականորեն բարձրացել է Արցախի պարենային անվտանգության մակարդակը, քանի որ տնտեսությունը սկսել է արտադրել թե՛ նոր և թե՛ քանակապես ավելի շատ պարենամթերք: Օրինակ, եթե տասը տարի առաջ Արցախում հնձվել է շուրջ 50 հազար տոննա հացահատիկ (ցորեն և գարի), ապա այս տարի այդ ցուցանիշը կազմել է եռապատիկը՝ 150 հազար տոննա: Դրան զուգահեռ՝ կառավարության կողմից ներդրվել է գարնանացան մշակաբույսերի մշակման քաղաքականությունը, որը հանգեցրել է տարեկան հազարավոր հեկտար եգիպտացորենի, հնդկացորենի, արևածաղկի և այլ մշակաբույսերի դաշտերի ի հայտ գալուն: Այս հաջողություններն իրենց ազդեցությունն են թողել գյուղատնտեսության համախառն արդյունքի վրա՝ տասը տարվա ընթացքում եռապատկելով այն: Այդ ցուցանիշները դրսևորվել են նաև տասնյակ նոր մշակող ձեռնարկությունների ստեղծման և առաջխաղացման տեսքով:
Բացի դրանից, մեծագույն ձեռքբերում է էլեկտրաէներգիայի առումով լրիվ ինքնաբավության ապահովումը, դա այն դեպքում, երբ տասը տարի առաջ սպառվում էր շատ ավելի քիչ էլեկտրաէներգիա, իսկ սեփական արտադրանքը կազմում էր սպառման մոտ մեկ երրորդը: Եվ դա հաջողվեց մեզ հիդրոէներգետիկայում ներդրումների համար գրավիչ միջավայր ստեղծելու և ներդրողներին աջակցելու շնորհիվ, ինչի արդյունքում ավելի քան 15 նոր ՀԷԿ է կառուցվել հանրապետությունում, և մի քանիսի շինարարությունն էլ ընթացքում է:
Ինչպես տեսնում եք, և՛ գյուղատնտեսության, և՛ հիդրոէներգետիկայի պարագայում մենք հաշվի ենք առել թե՛ անվտանգային բաղադրատարրը և թե՛ մեր ունեցած հնարավորություններն ու համեմատական առավելությունները»:
Զրուցեց Անահիտ Ոսկանյանը:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում հիմնվել է ձեռագործ աշխատանքների սոցիալական բիզնես և վերնիսաժ
- Նռան նոր այգիներ հիմնող բոլոր անհատները կառավարության կողմից կստանան աջակցություն. Արցախի վարչապետ
- Առաջին կիսամյակում Արցախում արտադրված և սպառված էլեկտրաէներգիայի աճ է գրանցվել
- Արցախում 79 հիվանդի տեղադրվել է 98 ստենտ
- Արցախում առաջիկայում կունենանք ձիթապտղի խոշոր պլանտացիաներ. ԱՀ գյուղնախարար
- Մարտակերտում ամեն տարի նոր այգիներ են հիմնվում
- Արցախ այցելող զբոսաշրջիկների թվի աճ է գրանցվել
- ԼՂՀ ԱԺ. Հաշվետու տարում ԼՂՀ տնտեսական աճը կազմել է 5.5 տոկոս
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան