Գրավիտացիոն «նվերներ» Երկրի կողքով անցնող երկնաքարի կողմից
Ամերիկյան NASА տիեզերական գործակալությունը տեսանյութով ցույց է տվել, թե ինչպես է շարժվում ու ինչպես է Երկրին մոտենում ամենամեծ երկնաքարերից մեկը՝ Florence-ը։ «Իզվեստիա»-ն գրում է, որ երկնաքարը Երկիր մոլորակին ամենամոտ դիրքում կգտնվի սեպտեմբերի 1-ին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 4.4 կմ տրամագիծ ունեցող երկնաքարն այդ օրը Երկրի կողքով կանցնի 7 մլն կմ հեռավորության վրա: Նշվում է նաև, որ այն 18 անգամ հեռու է գտնվում լուսնից։
Թե ինչ հնարավոր ազդեցություն կունենա երկնաքարի՝ Երկրի կողքով անցնելը, Panorama.am-ը այս մասին զրուցեց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանի հետ։
«Երկիր մոլորակի համար այն վտանգ չի ներկայացնի, միայն գրավիտացիոն ազդեցություն կունենա»,-նշեց Միքայելյանը։
Նրա խոսքով՝ NASА-ի կողմից մշտական հսկողություն կա, այն իր տվյալների շտեմարանում մոտ 15 հազար երկնաքար է պահում, որոնց անընդհատ հետևում է, գնահատում վտանգի ռիսկի աստիճանը։
«Անցումը լինելու է ընդամենը 12 օրից և արդեն ճշգրիտ հաշվարկով՝ այն այլևս ուրիշ խոշոր մարմնի չի հանդիպելու, որպեսզի շեղվի ուղեծրից: Այսպիսով՝ Florence-ը վտանգ չի ներկայացնում, չնայած որ անցումը բավականին մոտ է համարվում։ Իրականում այդ գրավիտացիոն ազդեցությունը մենք չենք զգա։ Օրինակ՝ լուսնի գրավիտացիոն ազդեցության տակ մակընթացություններ են տեղի ունենում, քանի որ օվկիանոսի շերտը մի քանի մետր բարձրանում իջնում է։ Բայց քանի որ երկնաքարը լուսնից շատ փոքր է և շատ ավելի հեռու է գտնվում, նրա ազդեցությունը չնչին կլինեի և էականորեն ոչինչ չենք զգա», - հավելեց նա։
Florence երկնաքարը բացահայտվել է 1981 թվականին՝ Ամերիկյան աստղագետ Շելտ Ջոն Բասսի կողմից:
NASA-ի տեսանյութը, որտեղ սխեմատիկորեն ցուցադրվում է, թե ինչպես է երկնաքարը շարժվում։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում