Բերդավանում տրվել է «ԱՐԱՐ» ծրագրի մեկնարկը
Բերդավանի վերանորոգված գեղագիտական կենտրոնում նախօրեին մեկնարկել է մշակույթի նախարարության նախաձեռնած «ԱՐԱՐ» ծրագիրը, որի առաքելությունն է մարզերում ժողարվեստների «վերակենդանացմամբ» սահմանն անառիկ դարձնելը։ Այս մասին տեղեկացնում են շրագրի կազմակերպիչները։
«Այս նախաձեռնության նպատակն է՝ դուրս գալ Երևանից և մեր ուշադրությունը սևեռել հատկապես սահմանամերձ մարզերում ապրող մեր հայրենակիցներին: Ծրագիրը ենթադրում է՝ մշակույթի պահպանում, զարգացում ու տարածում տեղի ուժերով: Օրինակ, Բերդավանում մենք ունենք երկու մասնագետներ, որոնք համայնքի երեխաներին կհամախմբեն երգի ու կերպարվեստի շուրջ: Ժողարվեստի ամենատարբեր ճյուղերը ներկայացնող 16 մասնագետ ունենք այս պահին, որոնք պետական ֆինանսավորմամբ, նման գործունեություն կիրականացնեն տարբեր համայնքներում: Համոզված եմ, որ մշակույթի այս 16 «զինվորների» թիվը եկող տարի կտասնապատկվի: Սրանով նախարարությունը մարզերից և ընդհանարապես երկրից երիտասարդ մասնագետների արտահոսքի կանխման խնդիր է նաև փորձում լուծել»,- աղբյուրի փոխանցմամբ՝ նշել է ծրագրի պատասխանատու Արսեն Գրիգորյանը։
Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի խոսքով՝ Գյուղում մասնագիտական ներկայություն է պետք, որպեսզի այս երեխաները կարողանան լավ կրթություն ստանալ. «Այսօր ես լիահույս եմ և մաղթում եմ, որ նորաբաց մշակույթի տունը չմնա որպես հերթական վերանորոգված կառույց, այլ լցվի բովանդակությամբ ու ծառայի իր բուն նպատակին»:
Ներկայացնելով «ԱՐԱՐ» ծրագրում ընդգրկված 16 «զինվորներին», մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ասել է. «Այս մարդիկ մեր ծրագրի հերոսներն են, մեր մշակութային արյունը կենդանացնող, թարմացնող, հրաբխի վերածող հերոսները: Ո՞րն է մեր նպատակը. անցնել գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք՝ ստեղծելով մշակութային միավորներ, մատաղ սերնդին հաղորդակից դարձնել մեր բազմադարյա մշակույթին և այդ մշակույթով դառնալ իսկապես ամուր, կուռ մի ժողովորդ, որն ապրում է իր հաղթանակած հայրենիքում: Համոզված եմ, որ ծրագիրն ունենալու է հաջողություն, որովհետև նրա հիմքում կանգնած են իրական նվիրյալներ»։