Կարո Եղնուկյանը չի պատրաստվում դատարան գնալ
«Կարո Եղնուկյանի նկատմամբ բռնություն է կիրառվելու»,- լրագրողների հետ հանդիպմանը նման մտահոգություն հայտնեց Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը:
Նա մանրամասնեց, որ իր պաշտպանյալն օգոստոսի 3-ին և 15-ին դիմումներ է ներկայացրել գլխավոր դատախազին, մարդու իրավունքների պաշտպանին, արդարադատության նախարարին, ՔԿՎ պետին՝ հայտնել, որ օգոստոսի 23-ին կայանալիք դատական նիստին չի մասնակցելու:
Դիմումը լրագրողների համար ընթերցեց փաստաբանը: Եղնուկյանը նշել է, որ իրեն տեղափոխում ու պահում են վատ պայմաններում՝ դատարանի նկուղում:
«Անիմաստ տեղը ինձ վատ պայմաններով տեղափոխելը և 8 ժամ նկուղում պահելը անմարդկային վերաբերմունք է ու արժանապատվությունը նսեմացնող արարք»,-նշել է Եղնուկյանը:
Հիշեցնենք, որ վերջինիս նկատմամբ սանկցիա է կիրառվել: Եղնուկյանը փաստաբանի միջոցով պնդում է, որ ինքն այդ պարագայում իրավունք ունի դատարան չգնալ:
«Դատավոր Արտուշ Գաբրիելյանը ցուցում է տալիս ՔԿՎ համապատասխան հիմնարկին ու ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը, որպեսզի ինձ տեղափոխեն դատարան: Այսպիսով դատավորի ցուցումն անօրինական է, քանի որ հակասաում է ՀՀ Քրեական դատավարության 302 հոդվածին»,-Եղնուկյանի դիմումն ընթերցեց փաստաբանը:
Նա անօրինական է համարում նաև իր նկատմամբ սանկցիայի կիրառումը: Եղնուկյանը հայտարարել է, որ չի գնալու չորեքշաբթի կայանալիք նիստին:
«Պաշտոնապես հայտարարում եմ, որ չեմ ենթարկվելու նման դատարանի ապօրինի կարգադրությանը, չեմ տեղափոխվելու դատարան: Եթե իմ նկատմամբ ուժ գործադրվի, ապա դրա անդառնալի հետևանքներն ու պատասխանատվությունն ընկնելու է վերը նշված պաշտոնատար անձանց վրա»,-դիմումում նշել է նա:
Կարո Եղնուկյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 218 և 219 հոդվածներով՝ պատանդ վերցնելուն, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելուն աջակցելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Կարո Եղնուկյանի դեմ քրեական գործը «Սասնա ծռերի» գործից չի անջատվի
- Եթե իմ դեմ գործը «Սասնա ծռեր»-ի գործից չանջատվի, ապա դատը տարիներ կտևի. Կարո Եղնուկյան
- Անազատության մեջ պահվող Կարո Եղնուկյանը ներկայացրել է իր խնդիրները
- Կարո Եղնուկյանի գործին խառնվել է ԱՄՆ դեսպանատունը
- Կարո Եղնուկյանի մեղադրանքը գրել են ոչ թե իրավաբանները, այլ բանասերները. Փաստաբան