Ահաբեկչություն Դամասկոսում
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում ընթացող միջազգային ցուցահանդեսի մասնակիցների վրա ահաբեկիչները հրթիռային կրակ են բացել: «Ռիա Նովոստի» գործակալության հաղորդմամբ՝ չորս մարդ զոհվել է, ավելի քան չորս մարդ ստացել է վնասվածքներ:
Արդյունաբերական միջազգային ցուցահանդեսը Դամասկոսում անցակացվում է վեց տարվա ընդմիջումից հետո: Դրան մասնակցում են 43 պետություններ, այդ թվում՝ Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը:
Երկրներից 20-ը ներկայացնում են առևտրային կազմակերպություններ, 23-ը ներկայացված են պաշտոնապես դեսպանությունների միջոցով:
Ցուցահանդեսի գլխավոր տնօրեն Ֆարես Ալ-Քիրթլին հայտարարել է, չնայած Դամասկոսի դեմ պատժամիջոցներին միջոցառմանը ընկերություններ են ներկայացված Հունաստանից, Բելգիայից, Ֆրանսիայից, Հոլանդիայից, Իտալիայից:
Կազմակերպիչներն ակնկալում էին, որ այցելուների թիվը կհասնի 60-70 հազարի: Նշվում էր, որ ուժեղացված վերահսկողություն է իրականացվում` ապահովելու միջոցառման ու հյուրերի անվտանգությունը:
Միջազգային այս ցուցահանդեսը Սիրիայի մայրաքաղաքում անցկացվել է 1954 թվականից մինչև 2011 թվականը: