Հայկական դեսպանատների ու հյուպատոսությունների թեժ գծերը, միշտ չէ, որ լավ են աշխատում. տուրիզմի փորձագետ
«Դեպի այն երկրներ, որտեղ նախորդ տարիներին տեղի են ունեցել ահաբեկչական ակտեր, կարող ենք փաստել, որ այս տարի զբոսաշրջիկների հոսքի նվազում չի եղել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Տուրիզմի փորձագետ Մարինե Ավետիսյանը:
Նրա խոսքով՝ նախորդ տարի Եգիպտոսում տեղի ունեցած ավիավթարը այս տարվա տուրիստական հոսքը դեպի այնտեղ չի նվազեցրել։ Ինչ վերաբերում է Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչությանը, նույնպես. «Դեպի այնտեղ ձգտող մեր զբոսաշրջիկների թիվը չի նվազել, նույնիսկ ավելացել են: Ավիատոմսերի արժեքներն էլ չեն նվազել»։
Մարինե Ավետիսյանը մտահոգություն հայտնեց, որ երբ ինչ-որ մի երկրում, որևէ միջադեպ է լինում, ապա հայաստանցի զբոսաշրջիկները խնդիրներ են ունենում՝ կապված տեղի հայկական դեսպանատների հետ կապ հաստատելու հետ:
«Տուրօպերատորները այդպիսի դեպքերում զբոսաշրջիկներին անմիջապես ուղղորդում են հայկական դեսպանատներ ու հյուպատոսություններ, որոնց թեժ գծերը, ցավոք, միշտ չէ, որ լավ են աշխատում, չկան հասանելի հեռախոսահամարներ, որով կարող է զբոսաշրջիկը զանգահարել և օգնություն խնդրել: Պետք է զբոսաշրջության պետական կոմիտեն կոնտակտային տվյալներ տրամադրի բոլոր պահանջված ուղղությունների հայկական դեսպանատներից, որպեսզի մենք էլ տրամադրենք զբոսաշրջիկներին»,- ասաց նա:
Մարինե Ավետիսյանը խորհուրդ տվեց նաև, որ զբոսաշրջիկները բժշկական ապահովագրությունը կնքեն Հայաստանում, ոչ թե այն երկրում, ուր մեկնում են՝ հետագայում կիրառման ժամանակ խնդիրների չհանդիպելու համար:
Հոգեբան Սամվել Խուդոյանն էլ անդրադառնալով խնդրի հոգեբանական կողմին՝ նշեց. «Ցանկացած բան, որը տվյալ երկրում մարդու առողջության համար վտանգավոր է, հետ է պահում այնտեղ մեկնելուց: Երկարաժամկետ ազդեցություն են ունենում պատերազմները, հիվանդությունները, վիրուսները, ոչ հիգիենիկ պայմանները, քան տեղի ունեցած ահաբեկչությունը: Օրինակ աֆրիկյան երկրներ խուսափում են գնալ զուտ հիգիենայի տեսանկյունից: Բավական երկար ժամանակ էլ զբոսաշրջիկները մեր երկիր էին խուսափում էին գալ, որպես պատերազմող երկիր: Ահա այստեղ է, որ մեծ նշանակություն ունի ճիշտ տեղեկատվության տրամադրումը զբոսաշրջային ընկերությունների կողմից»:
Հոգեբանի խոսքով՝ ահաբեկչական ակտերը ոչ սիստեմատիկ ազդեցություն են կրում տուրիզմի վրա:
Սամվել Խուդոյանը անդրադարձավ նաև վերջին շրջանում Թուրիքիայում տարածված վիրուսին. «Ամեն օր երեք-չորս ավտուբուս Հայաստանից մեկնում են Թուրքիա, բայց մերոնք այդպես էլ ակտիվ իրազեկում չտարածեցին, հատուկ զգուշացում չարեցին, տուրօպերատորները շարունակում են իրենց փաթեթներում ներառել Թուրքիան: Իսկ օրինակ՝ Ռուսաստանն այդ առումով ավելի ակտիվ քաղաքականություն է վարում»:
Բանախոսներն ընդգծեցին, որ տուրիստների համար այս ամենից զատ՝ Էժանությունը համարվում է համար մեկ պայմանը:
Հարակից հրապարակումներ`
- Ահաբեկչություն Բարսելոնայում. Կան զոհեր
- Կոկսակի վիրուս. Զբոսաշրջիկները շփոթված են
- Կոկսակի վիրուսի դեպքեր են արձանագրվել նաև Հայաստանում
- Թուրքիան թաքցնում է հանգստավայրերում Կոկսակի վտանգավոր վիրուսի համաճարակը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա