Որսը կարգելվի «Խոսրովի անտառ» պետական արգելոցին հարող որսահանդակներում
Օգոստոսի 26-ից սկսվող սիրողական որսաշրջանի ժամանակ զերծ մնալ «Խոսրովի անտառ» արգելոցի մերձակա բարձրադիր գոտիներում որս իրականացնելուց: Այս մասին հայտարարություն է տարածել բնապահպանության նախարարությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհի պատճառով վայրի որոշ կենդանիներ և թռչուններ տեղափոխվել են հարակից անվտանգ շրջաններ:
Նախարարությունն օրեր առաջ նաև կոչով դիմել էր հանրապետության բնակչությանը` ցուցաբերել զգոնություն, զգուշություն ու հորդորել էր չվնասել աղետի պատճառով անվտանգ վայրեր ու թաքստոցներ փնտրող կենդանիներին:
ԲՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարարությունում կայացել է խորհրդակցություն, որին մասնակցել են նաև որսմիությունների ղեկավարները։ Քննարկման արդյունքում համաձայնություն էր ձեռք բերվել համապատասխան փոփոխություն կատարել ՀՀ բնապահպանության նախարարի՝ Հայաստանի որսահանդակներում որսի կենդանիների 2017-2018 թվականների սիրողական որսի համար թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին սույն թվականի օգոստոսի 1-ին ստորագրված հրամանում։
Հրամանի փոփոխությունն արդեն կատարված է, համաձայն որի` որս չի թույլատրվում ՀՀ Արարատի մարզի հյուսիս-արևելյան որսահանդակում, որը գտնվում է ՀՀ Կոտայքի, Գեղարքունիքի և մասամբ Վայոց ձորի մարզերի հետ սահմանագծով անցնող Գեղամա լեռնաշղթայի հարավ-արևմտյան լանջին տեղակայված բարձր լեռնային գոտու տարածքներում` Լանջազատ, Ն.Դվին, Վ.Դվին, Նորաշեն, Նարեկ, Քաղցրաշեն, Զանգակատուն, Ուրցաձոր համայնքների վարչական սահմաններում, ՀՀ Արարատի մարզի կենտրոնական - հյուսիսային որսահանդակում, որը գտնվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցին հարող Երանոսի լեռնաշղթայի հարավ-արևմտյան լանջին տեղակայված նախալեռնային գոտու տարածքներում` Գետազատ, Լանջազատ, Ն.Դվին, Վ.Դվին, Նորաշեն, Նարեկ, Քաղցրաշեն, Ուրցաձոր, Այգեզարդ, Դաշտաքար, Գինեվետ համայնքների վարչական սահմաններում և ՀՀ Վայոց ձորի Վայք որսահանդակում, որը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի հետ սահմանագծով անցնող Զանգեզուր լեռնաշղթայի արևմտյան լանջերում` սկսած Կորդաբակ լեռան լանջերից մինչև Ամուլսարի ստորոտները` Սարավան, Արտավան, Գոմք, Մարտիրոս, Սերս, Բարձրունի, Զառիթափ համայնքների վարչական սահմաններում։
Հարակից հրապարակումներ`
- «Խոսրովի անտառ» պետական արգելոցին օժանդակելու նպատակով բացվել են հատուկ հաշվեհամարներ
- Խոսրովի անտառի վայրի կենդանիները և թռչունները տեղափոխվել են հարակից շրջաններ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան