Ամենակարևորը՝ սիրեք մեր երկիրը. Կարեն Կարապետյան
«Պարբերաբար աշխատեք ինքներդ ձեզ վրա, որպեսզի էլ ավելի մրցունակ, ակտուալ, ժամանակակից լինեք, վաղվա օրվան նայեք ավելի վստահ ու համարձակ և ամենակարևորը՝ սիրեք մեր երկիրը»,- նախօրեին Ծաղկաձորում «Բազե» ամենամյա երիտասարդական 15-րդ հավաքի բացմանը ժամանակ դիմելով երիտասարդներին՝ ասել է հհ վարչապետ Կարեն Կարապետյանը։
Կառավարության ղեկավարը հորդորել է երիտասարդներին լինել անկախ, ազատ, ակտիվ. «Այս տարիներին ընթացքում հավաքներին մասնակցել է ավելի քան 8500 երիտասարդ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից, և կարծում եմ, որ այս շարժումը լավ հարթակ է, որտեղ համախմբվում է երիտասարդությունը: Ցանկացած հասարակության ամենաակտիվ, պրոգրեսիվ, ձևավորված ստանդարտներից դուրս մտածող հատվածը հենց երիտասարդությունն է: Հայաստանն այս առումով բացառություն չէ, և դուք բոլորդ ունեք վաղվա օրն ավելի լավը դարձնելու պատասխանատվության ձեր բաժինը, կարևոր է, որ դուք այդ պատասխանատվությունից, հնարավորությունից բավականություն և հաճույք ստանաք և դրան համապատասխան մտածեք ու գործեք»։
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ երիտասարդության շրջանում կազմակերպվող աշխատանքների և պետական քաղաքականության իրականացման գործում ցուցաբերած գործուն մասնակցության համար, ինչպես նաև «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի հիմնադրման 15-ամյակի կապակցությամբ Կարեն Կարապետյանը մի քանի անձանց խրախուսել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով:
Անդրադառնալով տնտեսական զարգացումներին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ ընթացիկ տարվա առաջին 7 ամիսների ընթացքում Հայաստանում արձանագրվել է 6,2 տոկոս տնտեսական ակտիվության աճ, 12,7 տոկոսի աճ՝ արդյունաբերության, 21,6 տոկոսի՝ արտահանման, 28,5 տոկոսի աճ՝ ներմուծման ոլորտներում. այս ընթացքում մեկնարկ է տրվել բազմաթիվ ծրագրերի:
«Ներդրումները բազմաթիվ են, այդ թվում՝ տեսքտիլի ոլորտում, գյուղատնտեսությունում, տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի, զբոսաշրջության բնագավառներում և այլն: Մենք հայտարարել ենք, որ ունենք 3,2 միլիարդ դոլարի ներդրումային ծրագրեր, որոնցից 830-340 մլն դոլարի ներդրումները, մեր պատկերացմամբ, պետք է լինեն այս տարի: Մենք հաշվետվություն ենք ներկայացնելու և այդ ներդրումների տեմպերը ցույց են տալիս, որ դրանք իրագործելի են», - ընդգծել է Կարեն Կարապետյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում