Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ. Արծվիկ Մինասյան
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը չի պատրաստվում հրաժարական տալ: Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտարարեց նախարարը՝ պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, թե «հրդեհներն ապացուցեցին, որ վատ եք պահպանում բնությունը, չե՞ք պատրաստվում հրաժարական տալ»։
«Այս պաշտոնը քաղաքական պաշտոն է: Որևէ գործողություն կամ հրաժարական պաշտոնից հեռանալու մասին քաղաքական գործընթաց է ենթադրում: Այս պաշտոնը զբաղեցնում եմ ՀՅԴ-ի և հանրապետության նախագահի որոշումների հիման վրա, բնականաբար, որևէ գործողություն պետք է դիտարկվի նաև այդ համատեքստում», - նշեց Արծվիկ Մինասյանը:
Նախարարը նաև ասաց, որ ինքը չի պատրաստվում հրաժարական տալ երկու պատճառով. առաջին՝ չկա որևէ գործողություն կամ անգործություն, որը պատճառ կդառնա դրան, երկրորդ՝ տեսնում է ոլորտում բարեփոխումներ իրականացնելու վճռականություն, որպեսզի հետագայում նվազագույնի հասցնեն կամ բացառեն նման աղետները:
Անդրադառնալով իր և վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հարաբերություններին՝ նշեց, որ իրենց հարաբերությունները փոխադարձ հարգանքի վրա են հիմնված. «Այնպիսին են, ինչպիսին վարչապետ-նախարար հարաբերություններն են: Ինչ վերաբերում է կառավարության նիստերին վարչապետի դիտողություններին, դրանք նորմալ են, հակառակը՝ վատ կլիներ, եթե քննարկումներ չծավալվեին, այլ դրանք ձևական բնույթ կրեին»,- նշեց Արծվիկ Մինասյանը:
Միաժամանակ նա նշեց, որ միայն առողջ բանավեճի արդյունքում է, որ կարող են լուծվել խնդիրները:
«Ես վճռական եմ տրամադրված ռեֆորմներ իրականացնելու հարցում»,- հավելեց Արծվիկ Մինասյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան