Լևոն Ջուլֆալակյան. Սայթաքումների մասին պետք է մտածել
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանն օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց՝ գոհ է հավաքականի արդյունքներից:
«Բնականաբար, երկու ոսկուց շատ գոհ եմ: Մյուս քաշային կարգերում ևս սպասելիքներ ունեի, բայց ցավոք, բոլորս էլ գիտենք, որ մեծ սպորտում լինում են սայթաքումներ, իսկ այդ մասին մեզ հարկավոր է մտածել»,-ասաց մարզիչը:
Նրա խոսքով, Վարշամ Բորանյանի հաղթանակն էին ակնկալում, հիմա մասնագիտական քննարկումներ են անելու:
«Մաքսիմի հաղթանակը սպասված էր, երկար տարիներ շատ մոտ էր այդ հաղթանակին»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Փարիզում անցկացված ըմբշամարտի աշխարհի առաջնության հունահռոմեական 80 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը դարձավ չեմպիոն։ Հայ ըմբիշը եզրափակչում հաղթեց Բելառուսի ներկայացուցիչ Ռադիկ Կուլիևին։
Աշխարհի առաջնությունում 98 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը դարձավ չեմպիոն։ Հունահռոմեական ոճի ըմբիշը եզրափակչում հաղթեց Ռուսաստանի ներկայացուցիչ Մուսա Եվլոևին։ Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանն աշխարհի չեմպիոն դարձավ երրորդ անգամ։
Տարվա գլխավոր ստուգատեսին Հայաստանից մասնակցում էին Վազգեն Խաչատրյանը (59 կգ քաշային կարգ), Կարեն Ասլանյանը (66 կգ), Վարշամ Բորանյանը (71 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ), Մաքսիմ Մանուկյանը (80 կգ), Արթուր Շահինյանը (85 կգ) և Արթուր Ալեքսանյանը (98 կգ):
Հայաստանը ներկայացուցիչ չուներ միայն գերծանր քաշային կարգում:
Աշխարհի առաջնությունը մեկնարկել էր օգոստոսի 21-ին, կշարունակվի մինչև 26-ը: