Վրաստանն օգնության խնդրանքով դիմել է Եվրամիությանը
Բորժոմիի անտառներում բռնկված հրդեհը մարելուն աջակցելու խնդրանքով Վրաստանի իշխանությունները դիմել են Եվրամիությանը: Վրացական աղբյուրի հաղորդմամբ, Վրաստանում ԵՄ ներկայացուցչությունը հայտարարել է, որ խնդրանքը փոխանցել է Բրյուսել: Վրաստանի կառավարությունը ԵՄ-ից ինքնաթիռ ու ուղղաթիռներ է խնդրել:
«Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ, հրդեհի մարման աշխատանքներին այս պահին ներգրավված է երեք ուղղաթիռ, որոնցից մեկն Ադրբեջանն է ուղարկել: Եվ երկու ուղղաթիռ տրամադրելու է Թուրքիան:
Վրացի գործընկերներին օգնելու համար Վրաստանում են հայ հրշեջները, Հայաստանը հարևան երկիր է ուղարկել 8 հրշեջ-փրկարարական և 1 փրկարարական ավտոմեքենա, Աղետների բժշկության կենտրոնի 1 մեքենա և շարժական կառավարման կետ (ընդհանուր՝ 57-հոգանոց անձնակազմով), որը դեպքի վայրում կծառայի որպես օպերատիվ գործողությունները համակարգող շտաբ:
Բորժոմիի հրդեհի մարմանն աջակցելու պատրաստակամություն են հայտնել նաև Ամերիկայի Միացյալ Նահանգները:
Ավելի վաղ Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ Ռուսաստանի աջակցությունը հարկավոր չէ:
«Մեզ հայտնի է, որ ռուսական կողմը օգնության պատրաստակամություն է հայտնել, բայց ներկա պահին անհրաժաշետություն չկա, քանի որ եղած ուժերով մենք աղետի դեմը կառնենք»,-ասել է Գիորգի Կվիրիկաշվիլին:
Սոճիների ու եղևնիների անտառներին հարակից առողջարաններում հանգստացողներին Վրաստանի առողջապահության նախարարությունը կոչ է արել փողոց դուրս չգալ, չբացել պատուհանները, սենյակներում ապահովել ցածր ջերմաստիճան: Հատկապես զգուշության կոչ է արել ասթմայով, թոքերի խրոնիկ հիվանդություններով տառապող մարդկանց, հղիներին, սիրտ անոթային հիվանդություն ունեցողներին, ծխողներին:
Երեկ երեկոյան հրապարակված տվյալների համաձայն, Բորժոմիի ազգային պարկում հրդեհի մակերեսը կազմում է 12 հեկտար: Աղետի գոտին տարածվում է մի քանի տասնյակ կիլոմետրեր:
Մարման աշխատանքներին մասնակցում են Վրաստանի Ներքին գործերի նախարարության երկու ուղղաթիռ, ադրբեջանական մեկ ուղղաթիռ, մոտ 400 հրշեջ փրկարար, 100 ռեյնջեր, ինչպես նաև ՆԳՆ հատուկ հանձնարարությունների բաժնի 500 աշխատակից:
Հարակից հրապարակումներ`
- Հայ հրշեջ-փրկարարները՝ Վրաստանում
- ՀՀ ԱԻ նախարարությունն օգնության ձեռք է մեկնում Վրաստանին
- Վրաստանն օգնության խնդրանքով դիմել է Հայաստանին
- Վրաստանում անտառային հրդեհները մարելու համար Ադրբեջանն ու Թուրքիան երկուական ուղղաթիռներ են ուղարկել
- Բորժոմիում չեն կարողանում մարել անտառային հրդեհները