Սերժ Սարգսյան. Ակտիվորեն զարգանում են առևատրատնտեսական հարաբերությունները Հայաստանի և Ռուսաստանի միջև
Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի` Սոչիում կայացած հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների վերաբերյալ արդի հարցեր, համագործակցության զարգացման հեռանկարները ինտեգրացիոն միությունների շրջանակում: Այս մասին հաղորդում է Կրեմլի պաշտոնական էջը:
Վ. Պուտինն իր խոսքում նշել է, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից անցել է 25 տարի, իսկ մի քանի օրից` օգոստոսի 29-ին կլրանա ռազմավարական համագործակցության վերաբերյալ պայմանագրի կնքման 20 տարին:
Նա նշել է, որ երկրների միջև առկա է ակտիվ քաղաքական երկխոսություն, երկկողմ համագործակցություն է ծավալվում տնտեսության, անվտանգության, ռազմական ոլորտներում:
«Շատ ուրախ եմ Ձեզ տեսնել և քննարկել այս հարցերը»,-ասել է նա:
Իր հերթին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար: ՀՀ նախագահը նշել է, որ վերջին տարիներին ինտենսիվ կերպով զարգացել են միջպետական հարաբերությունները:
Սերժ Սարգսյանի խոսքով, Հայաստանն ու Ռուսաստանը կառուցողական կերպով համագործակցութմ են նաև միջազգային ու տարածշրջանային հարթակներում, անվտանգության, ռազմական ու ռազմատեխնիկական ոլորտներում:
«Ակտիվ կերպով զարգանում են առևատրատնտեսական հարաբերությունները, անցած տարի մենք գրանցել ենք առևտրաշրջանառության 15 տոկոս աճ, իսկ վեց ամսում` մոտ 24 տոկոս: Կառավարություններն ու խորհրդարանները մշտական կապի մեջ են, մշտապես զարգանում է միջտարածաշրջանային համագործակցությունը, հումանիտար ոլորտում համագործակցությունը: Դրանց իհարկե նպաստում են բարձր մակարդակով մշտական այցերը»,-ասել է ՀՀ նախագահը:
Սերժ Սարգսյանը նաև շնորհակալություն է հայտնել Ռուսաստանում Հայաստանի օրեր միջոցառումների անցկացման, անտառյին հրդեհի մարման գործում ցուցաբերած օգնության, հրավերի ու ջերմ ընդունելության համար: