Կարեն Շահնազարովը պատրաստ է Ռուսաստանը ներկայացնել «Օսկար» մրցանակաբաշխությանը
Հայազգի ռեժիսոր Կարեն Շահնազարովը պատրաստ է ներկայացնել Ռուսաստանը «Օսկար» մրցանակաբաշխությանը՝ «Աննա Կարենինա. Վրոնսկու պատմությունը» ֆիլմով, սակայն կարծում է, որ կանխատեսումներ անելը դեռ վաղ է, քանի որ պետք է սպասել «Օսկար»-ի կոմիտեի որոշմանը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
«Ես արդեն երեք անգամ Ռուսաստանը ներկայացրել եմ «Օսկար»-ին, դա ինձ համար նորություն չէ: Սակայն պետք է սպասենք՝ ինչպես կքվեարկեն: Դրանք են կինոյի խաղի կանոնները»,- ասել է Շահնազարովը:
Ռեժիսորի «Աննա Կարենինա. Վրոնսկու պատմությունը» ֆիլմը 8 մասից բաղկացած «Աննա Կարենինա» սերիալի լիամետրաժ տարբերակն է: Սերիալը ցուցադրվել է «Ռոսսիա-1» հեռուստաալիքով: Սերիալի գործողությունները ծավալվում են Աննա Կարենինայի ողբերգական մահվանից 30 տարի անց: Ռուս-ճապոնական պատերազմի թեժ պահին Ալեքսեյ Վրոնսկին իրենց հարաբերությունների մասին պատմում է Աննայի որդուն՝ Սերգեյ Կարենինին: Սերիալում նկարահանվել են Ելիզավետա Բոյարսկայան, Մաքսիմ Մատվեևը: