ՊՊԾ գնդի գրավման գործով դատական սանկցիայի ենթարկվեց միանգամից 9 փաստաբան
ՊՊԾ գնդի գրավման գործով այսօրվա դատական նիստում ամբաստանյալ Արմեն Բիլյանի պաշտպան Արմինե Ֆանյանը միջնորդեց կասեցնել գործի քննությունը և դիմել Սահմանադրական դատարան՝ Քրեական դատավարության օրենսգրքի նորմի սահմանադրականությունը որոշելու հարցով:
«Փաստինֆո»-ի փոխանցմամբ, դատական նիստում շարունակվեց միտումը՝ ամբաստանյալի ցանկությանը հակառակ՝ պայմանագրային պաշտպանի հետ զուգահեռ հանրային պաշտպան ներգրավելը: Մասնավորապես, հանրային պաշտպան Արմինե Ֆանյանը ներգրավվեց նաև որպես ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի և Արեգ Կյուրեղյանի պաշտպան՝ թեև նրանք չեն հրաժարվել իրենց պայմանագրային պաշտպաններից ու չեն ցանկանում հանրային պաշտպան ունենալ:
«Ամբաստանյալի անհամաձայնության պայմաններում նման պաշտպանությունը լինելու է պատրանքային, ոչ արդյունավետ և կրելու է ձևական բնույթ»,-հայտարարեց Արմինե Ֆանյանը:
Փաստաբանը նշեց, որ այդ հարցի վերաբերյալ առկա է հակասություն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի և Սահմանադրության 67-րդ հոդվածի 2-րդ մասի միջև: Ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի հոդվածի հիշյալ մասի, հոդվածի առաջին մասի 11-րդ կետով նախատեսված դեպքում (նիստերի դահլիճից հեռացնելու դեպքում) դատարանը չի ընդունում պաշտպանից ամբաստանյալի հրաժարումը և սույն օրենսգրքով սահմանված կարգով նշանակում է պաշտպան կամ պահպանում է նշանակված պաշտպանի լիազորությունները:
Իսկ ըստ Սահմանադրության դրույթի, հանցագործության համար մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի անձամբ կամ իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու իրավունք:
Դատարանը պաշտպանի ներկայացրած միջնորդությունը համարեց որպես ոչ ժամանակին արված միջնորդություն:
Պաշտպանական կողմն առարկեց դատարանի այս որոշման դեմ: Մՙասնավորապես, փաստաբան Լուսինե Սահակյանը հայտարարեց, որ անհետաձգելի, անհապաղ միջնորդություն ունի անելու, դատարանը նրան այդ հնարավորությունը չտվեց, իսկ երբ փաստաբանը շարունակեց պնդել միջնորդություն անելու իր ցանկությունը, դատարանը նրան նախ նախազգուշացում հայտարարեց, ապա որոշեց դիմել Փաստաբանների պալատին նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով:
Դրանից հետո էլ Լ.Սահակյանը հայտարարեց, որ ցանկանում է միջնորդությունն անել, այս անգամ՝ բոլոր փաստաբանների անունից, սակայն նորից նրան այդ հնարավորությունը չտրվեց և դատական նիստին ներկա բոլոր պաշտպանները՝ թվով 9 հոգի, որպես բողոքի նշան լքեցին դատական նիստերի դահլիճը: Այս դեպքում էլ դատական սանկցիան չուշացավ՝ դատարանը որոշեց դիմել ՓՊ բոլոր ինը փաստաբաններին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով:
Հարակից հրապարակումներ`
- Դատարանը չբավարարեց Արտուշ Գաբրիելյանին հայտնած բացարկի միջնորդությունը
- Պաշտպանները բացարկ հայտնեցին ՊՊԾ գրավման գործով դատավոր Արտուշ Գաբրիելյանին
- Փաստաբանը խնդրել է ժամանակավորապես դադարեցնել ոստիկանության փոխգնդապետի լիազորությունները. «Փաստինֆո»
- Փաստաբանների պալատը որոշել է դիմել արդարադատության խորհրդին
- Փաստաբանների պալատը մերժել է փաստաբան Արա Ղարագյոզյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան