Բարձրավոլտ էլեկտրացանցերը հավատարմագրային կառավարման տրվեց «Տաշիր Կապիտալ»-ին
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ 100 տոկոս պետական բաժնեմասով հավաստված իրավունքները «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ին հավատարմագրային կառավարման հանձնելու որոշման նախագծին:
Որոշման նպատակն է բարձրացնել «ԲԷՑ» ընկերության գործունեության արդյունավետությունը:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Վարդան Գևորգյանն ասաց, որ «ԲԷՑ»-ի կառավարման հանձնումը «Տաշիր Կապիտալ»-ին մի շարք առավելություններ ունի, մասնավորապես` ծախսերի օպտիմալացման, ներդրումների, կառավարման և տեխնիկական քաղաքականության տեսանկյուններից:
Մասնավորապես, կառավարման ժամանակաշրջանում ներդրումների իրականացման նպատակով «ՀԷՑ» ՓԲԸ-ի երաշխավորությամբ կներգրավվեն փոխառու միջոցներ «ԲԷՑ»-ի բոլոր այն ենթակայանների վերակառուցման համար, որոնք մինչ այդ չեն վերակառուցվել միջազգային ֆինանսական և վարկային կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող ծրագրերով:
Փոխառու միջոցներ կներգրավվեն նաև բարձր լարման ցանցերի շահագործման, ընդլայնման, զարգացման, անհրաժեշտ էլեկտրաուժային սարքավորումների արտադրություններիկազմակերպման, Հայաստան-Վրաստան նոր օդային գծի, ինչպես նաև «Դդմաշեն» և «Այրում» ենթակայանների կառուցման համար:
Նշվեց նաև, որ առաջիկա վեց ամիվսա ընթացքում «Տաշիր Կապիտալ»-ը պետք է կառավարության ներկայացնի «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ի կառավարման ծրագիրը, որի հաստատումից հետո կկնքվի հավատարմագրային կառավարման հանձնելու պայմանագիրը:
Ըստ փոխնախարարի՝ պետությունը յուրաքանչյուր պահի կկարողանա չեղյալ համարել պայմանագիրը և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ի կառավարումը վերցնել իր ենթակայության:
Հավատարմագրային կառավարման պայմաններում կստեղծվեն սպասարկման, վերանորոգման աշխատանքների, ինչպես նաև ներդրումների և տեխնիկական քաղաքականության իրականացման միասնական կառավարման հայեցակարգեր և կանոններ: «Տաշիր Կապիտալ»-ի կառավարումը հնարավորություն կընձեռի «ԲԷՑ»-ում ներդրումային և զարգացման ծրագրերի իրականացման նպատակով «ՀԷՑ» ՓԲԸ-ի երաշխավորությամբ ներգրավել հավելյալ փոխառու միջոցներ: Այդ երաշխիքների պարագայում պետությունն այլևս չի հանդիսանա «ԲԷՑ» ՓԲԸ-ի ներդրումային և զարգացման ծրագրերի իրականացման նպատակով ներգրավվող վարկերի երաշխավոր, և այդնպատակով պետական պարտք չի կուտակվի:
Էլեկտրաուժային սարքավորումների և փոխանցող հարմարանքների տեղական արտադրությունը նախատեսվում է կազմակերպել բարձր համբավ ունեցող միջազգային կազմակերպությունների հետ համատեղ՝ սկզբնական փուլում հավաքակցման, այնուհետև՝ ամբողջական արտադրության կազմակերպման եղանակով: Արտադրանքի իրացման շուկաները կլինեն նաև ԵԱՏՄ երկրները, կստեղծվեն լրացուցիչ աշխատատեղեր, ներառյալ բարձր որակավորման և բարձր վարձատրվող շուրջ 1200 աշխատատեղ:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են