Խոսրովի անտառի հրդեհից հետո տեխնիկայի խնդիրը ներկայացվել է նախագահին և վարչապետին. Տոնոյան
Այս պահին ԱԻՆ անձնակազմի, փրկարար ծառայողների, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի և անտառտնտեսության աշխատակիցների կողմից անտառում շարունակվում են հրդեհի հետմարման աշխատանքները: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը՝ հավելելով, որ մոտ 80 մարդ մի քանի ուղղություններով աշխատում են։
Նախարարի խոսքերով՝ հրդեհի արձագանքումը եղել է անմիջապես, բնապահպանական ծրագրերը նույնպես իրականացվել են անմիջապես. «Մինչ օրս այնտեղ աշխատում են բնապահպանության նախարարության աշխատակիցները, փրկարարները պայքարում են ամեն բույսի ու ծառի համար»,- նշեց նախարարը:
Դավիթ Տոնոյանն ասաց՝ պետք է հաշվի առնել, որ, ռազմական լեզվով ասած, իրենք գործում էին երկու «թատերաբեմում», երկու օր զուգահեռ աշխատանքներ էին տարվում և՛ Խոսրովի արգելոցում, և՛ Արտավանի անտառներում: «Իհարկե, տեխնիկական միջոցները` ամենագնաց մեքենաները և ԶՈւ տրամադրած ուղղաթիռները, թույլ չէին տալիս արձագանքել պատշաճ ձևով: Նաև ռելիեֆի կտրտվածությունն էր խանգարում: Որոշ եզրակացություններ արվել են, որոնք ներկայացվել են հանրապետության նախագահին և վարչապետին` մեր հագեցվածությունը բարձրացնելու առումով»,- ընդգծեց Դավիթ Տոնոյանը:
Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ ՌԴ ԱԻՆ համապատասխան ինքնաթիռը ներգրավելու խնդրանքը չեղավ ավելի վաղ, ԱԻ նախարարը պատասխանեց. «Չենք դիմել ավելի վաղ, քանի որ իրավիճակի գնահատականը թույլ չէր տալիս այդպիսի ինքնաթիռ խնդրելու, երբ սկսեցին այրվել անտառները, ոչ թե խոտածածկը, միանգամից դիմեցինք»:
Դիտարկման, թե չե՞ն կարծում, որ ուշացումով են դիմել ՌԴ-ի օգնությանը՝ Դավիթ Տոնոյանն ասաց. «Ուշացում չի եղել, իրավիճակը գնահատվել և որոշում է կայացվել»:
Նրա խոսքերով՝ ԱԻՆ հագեցվածության բարձրացման համար կառավարության կողմից պարբերաբար հատկացվում են միջոցներ, աջակցում են նաև միջազգային գրանտային ծրագրերը: «Այս սուղ միջոցների պայմաններում նաև տարբեր միջազգային համագործակցության շրջանակներում ձեռք ենք բերում տեխնիկա, օրինակ, Երևանում կան հրշեջ մեքենաներ, որոնք տրամադրվել են Ճապոնիայի կողմից գրանտային ծրագրերով: Այսպիսին է իրավիճակն այսօր, բայց անում ենք ամեն ինչ, որպեսզի կարողանանք ավելացնել տեխնիկական հագեցվածությունը», - ասաց Դավիթ Տոնոյանը՝ միաժամանակ հավելելով, որ անտառների և քաղաքային պայմաններում հրդեհաշիջման աշխատանքները տարբեր տեխնիկական միջոցներ են պահանջում:
Նախարարը նաև ասաց, որ հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ օգտագործվել են զինված ուժերի տեխնիկական միջոցներն ու անձնակազմը, և ինքը նախընտրում է, որպեսզի պաշտպանության նախարարությունում ձեռք բերվեն տեխնիկական միջոցներ, որոնք կօգտագործվեն նաև արտակարգ իրավիճակների նախարարության խնդիրները լուծելու համար:
Հարակից հրապարակումներ`
- «Խոսրովի անտառ» պետական արգելոցը 60 տարի ինչպես արգելոց եղել է, այդպես էլ շարունակելու է մնալ. Արծվիկ Մինասյան
- Խոսրովի անտառում վնասը հասել է նաև բույսերի ու կենդանիների զարգացման միջավայրին. հողագետ
- «Խոսրովի անտառ» պետական արգելոցին օժանդակելու նպատակով բացվել են հատուկ հաշվեհամարներ
- «Խոսրովի անտառ»-ի տնօրեն. Կորուստները անգնահատելի են
- Խոսրովի արգելոցում այժմ իրականացվում են հետմարման աշխատանքներ
- Տասնյակ տարիներ են անհրաժեշտ «Խոսրովի անտառը» վերականգնելու համար. բնապահպան
- Հրշեջ-փրկարարները «Խոսրովի անտառ»-ում շարունակում են հրդեհի մարման աշխատանքները
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին