Խնդիր է դրված շրջանառվող ստվերային գումարները սպիտակ դաշտ բերել. ԱՆ
Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Նունե Գևորգյանը ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին է ներկայացրել մարզի առողջապահության համակարգի իրավիճակը, բժշկական ծառայությունների բարելավման ուղղությամբ կատարվելիք քայլերը, ինչպես նաև խնդիրները: Այս մասին հայտնում են ԱՆ մամուլի ծառայությունից։
ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավար Նելսոն Զուլոյանը նշել է, որ նախատեսվում է երկրի վարչապետի հերթական այցելություն Սյունիքի մարզ, և շատ կարևոր է, որ նրա կողմից տրված հանձնարարականները կատարված լինեն։
Բժշկական կենտրոնների ղեկավարներն առավել հանգամանալից ներկայացրել են իրենց կողմից իրականացվող քայլերն ու դրանց տված արդյունքները։ Մեղրու տարածաշրջանային ԲԿ-ի տնօրեն Լուսինե Վարդանյանը նշել է, որ թե՛ ծառայությունների որակի բարելավման, թե՛ ֆինանսական միջոցների տնտեսման ուղղությամբ զգալի արդյունքներ է տվել ներքին օպտիմալացումը և Ագարակի ու Մեղրու պոլիկլինիկական ծառայությունների տեղակայումը կենտրոնի շենքում։
Ներքին օպտիմալացում իրականացվում է նաև Սիսիանի ԲԿ-ում։ Այստեղ 2-3 նեղ մասնագետի հետ աշխատում է մեկ բուժքույր, հրաժարվել են մայրապետների ծառայություններից։
Կապանի ԲԿ-ի տնօրեն Կարեն Մելքոնյանի խոսքով իրենց մոտ ավանդույթ է դարձել մայրաքաղաքից առաջատար նեղ մասնագետներին հրավիրելը, ովքեր տեղի բժիշկներին փոխանցում են իրենց փորձառությունն ու հմտությունները։ Միաժամանակ շահում են կապանցիները` տեղում ստանալով անհրաժեշտ բժշկական ծառայությունը։ Դրանով, մեծանում է հիվանդների հոսքը, ավելանում` հիվանդանոցի ֆինանսական մուտքերը։ Այժմ աշխատանքներ են տանում նոր ծառայություններ ծավալելու ուղղությամբ։
Նելսոն Զուլոյանը Սյունիքի առողջապահության կազմակերպիչների ուշադրությունը հրավիրել է ոլորտում շրջանառվող ստվերային գումարները սպիտակ դաշտ բերելու խնդրի վրա։
«Այս ուղղությամբ վարչապետի հանձնարարականը հստակ է, և պետք է անվերապահորեն կատարել։ Եթե այդ ճանապարհին այնպիսի մեխանիզմներ կամ առաջարկներ ունեք, որոնցում նախարարությունը կարող է իր դերակատարությունն ունենալ, ապա պատրաստենք ենք համագործակցելու»,-շեշտել է աշխատակազմի ղեկավարը։