Մարկարով. Տրամադրվածությունն այնպիսին է, որ դժվար թե այս տարածքները դառնան քաղաքական առևտրի առարկա
Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը վստահ չէ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ հեռացող ամերիկացի համանախագահի հայտարարությունը նորություն է:
«Դա նման է այն սկզբունքներին, որոնք պարբերաբար հիշեցվում էին ու ներկայացվում որպես հիմք բանակցային գործընթացի համար: Սկզբունքորեն գտնել նոր բան հնչեցված սկզբունքների մեջ, բավականին բարդ է: Դրանք ընդհանուր սկզբունքներ են, որոնք վերաբերում են խնդրի կարգավորմանը, որոնք հետագայում պետք է միս ու արյուն ստանան»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:
Նա ընդգծեց, որ դեռ կան մանրուք թվացող, բայց էական կետեր, որոնց շուրջ պետք է համաձայնության գալ:
«Հայկական կողմերից հնչեցվող մոտեցումները հայտնի են՝ Արցախին տրվում է ոչ պակաս, քան ներկա պահին դե ֆակտո գոյություն ունեցող կարգավիճակը: Խոսքն այն մասին է, որ պետք է լինեն միջազգայնորեն ճանաչված, հստակ, հասկանալի միջազգային երաշխիքներ այն կարգավիճակի համար, որն ունի արցախահայությունը և Արցախի՝ դե ֆակտո գոյություն ունեցող պետությունը: Հասկանալի է, որ խոսքը վերաբերում է Հայաստանի ու Արցախի միջև առկա ցամաքային կապին: Իսկ մնացած էլեմենտները, ինչպես հայտնի է, սեղանի վրա են և հետագա քննարկման ենթակա»,-ասաց քաղաքագետը:
Նա ավելացրեց, որ հայկական կողմի դիրքորոշումները խնդրի կարգավորման վերաբերյալ բավականին հասկանալի ու հստակ են՝ անկախություն և հետագա զարգացման հեռանկար արցախահայության համար, ցամաքային կապ Հայաստանի հետ, միջազգայնորեն ճանաչված, բոլորի կողմից ընդունված և հարգված անկախության ու անվտանգության երաշխիքներ արցախահայության համար:
Մարկարովի խոսքով, տարածաշրջանում կայուն իրավիճակ, երկարատև խաղաղություն ունենալու համար հայկական կողմը պատրաստ է տրամաբանական փոխզիջումային տարբերակին:
Անդրադառնալով համանախագահի հայտարարության՝ տարածքների վերադարձի վերաբերյալ հատվածին, Մարկարովն ասաց, որ դա միակ վիճահարույց կետը չէ, սակայն այդ հարցն էլ պետք է միանշանակորեն քննարկման առարկա դառնա:
«Այսօրվա մեր դիրքորոշումը հասկանալի է: Արցախի Հանրապետության Սահմանադրության մեջ ամրագրված են պետության սահմանները և դա ստեղծում է այն խնդիրներից մեկը, որը ի հայտ է գալու հետագա բանակցային գործընթացի ժամանակ: Մոտեցումներից մեկը, որի մասին վաղուց խոսվում էր և որը մի պահ ուներ իր ընկալումը նաև Հայաստանում հետևյալն էր՝ տարածքներ՝ անվտանգության և կարգավիճակի դիմաց, բայց այսօր այդ հարցն ունի ավելի լուրջ և ավելի բարձր ընկալում ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում»,-ասաց նա:
Մարկարովի խոսքով, բանակցությունների օրակարագի կարևոր հարցերից մեկն այն է, թե ինչ վերաբերմունք կցուցաբերի հայկական կողմն ազատագրված տարածքների վերաբերյալ, որոնք այս առաջարկությունների մեջ նշված են որպես «Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի շուրջ գտնվող տարածքներ»:
«Սա իհարկե, քննարկման առարկա է, բայց այսօրվա դրությամբ ելնելով ԼՂ ինքնապաշտպանության բանակի առաջ դրված խնդիրներից, որոնք պաշտպանում են այդ դիրքեը, այդ տարածքները դիտարկվում են որպես պատմական հայկական արցախյան հողատարածքներ: Սա իհարկե քննարկման թեմա է, քննարկման արդյունքները կարող են լինել տարբեր, բայց այսօրվա տրամադրվածությունն այնպիսին է, որ դժվար թե այս տարածքները կարող են հանդես գալ որպես քաղաքական առևտրի առարկա»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է կարծիքներին, թե պատահական չէ, որ եղան նույն օրում ամերիկացի համանախագահի հայտարարությունն ու Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների հանդիպումը, Մարկարովն արձագանքեց, որ քաղաքականության մեջ պատահական բաներ շատ հազվադեպ են լինում:
«Տվյալ պարագայում պարզ էր, որ նախագահների հանդիպման ժամանակ քննարկման խնդիրներից մեկը չէին կարող չլինել ԼՂ խնդրի կարգավորման եղանակները: Հասկանալի է, որ Ռուսաստանն ունի ոչ միայն միջնորդի կարգավիճակ, այլև ցանկանում է կարգավորման գործում լինել առաջնային դերակատարներից մեկը: Գուցե ելնելով դրանից ամերիկացի համանախագահն այս պահին ներկայացրեց այն սկզբունքները, որոնք իր կարծիքով, հանդես են գալիս որպես կարգավորման հիմք»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Նալբանդյան. Ամերիկացի համանախագահը որևէ նորություն չի ասել
- ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը հրապարակել է «ղարաբաղյան կարգավորման հիմնական սկզբունքներ»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան