«ԵԼՔ»-ը բողոքարկել է «Զիբիլիքսի» գործը կարճելու վերաբերյալ քննիչի որոշումը
«ԵԼՔ» դաշինքը այսօր բողոքարկել է «Զիբիլիքսի» գործը կարճելու վերաբերյալ ՀՔԾ քննիչի կայացրած որոշումը։ Դաշինքից հայտնում են, որ բողոքը ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին է ուղարկվել ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի կողմից։
ԱԺ պատգամավորը նշել է, որ ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Ս. Ա. Մխիթարյանը շատ հանգամանքներ անտեսել է և հանգել սխալ և անհիմն որոշման: Փաշինյանը դատախազին ուղղված դիմումում մանրամասն ներկայացրել է հիմնավորումները, թե ինչու է որոշումը ենթակա ամբողջությամբ վերացման:
«Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածը՝ խնդրում եմ ՀՀ ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Ս. Ա. Մխիթարյանի կողմից թիվ 62211317 քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումն ամբողջությամբ վերացնել»,-նշել է Փաշինյանը:
Նշենք, որ գործը վերաբերում է ՀՀԿ շտաբներից մեկի դիմացի աղբամաններից դուրս բերված ցուցակներին, որոնք պարունակել են անձանց հասցեներ, ինչպես նաև մարդկանց թվաքանակ, գումարի չափ ու այլ նշումներ:
Հիմք ընդունելով այդ թղթերում եղած գրառումները՝ «Ելք»-ում կարծում են, որ տեղի է ունեցել ընտրակաշառքի բաժանում, վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահում, նաև կրթական հաստատությունների ներգրավում նախընտրական քարոզչությանը, ոստիկանության աշխատակիցների ներգրավումը նախընտրական քարոզարշավում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան