Թևան Պողոսյան. Եթե Հոգլանդի նպատակը դա էր, ապա նա հասել է նպատակին
ԱԺ նախկին պատգամավոր, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը Հայաստանի համար կարևորում է սեփական օրակարգ ունենալը:
ԼՂ խնդրի կարգավորման սկզբունքների վերաբերյալ ամերիկացի հեռացող համանախագահ Հոգլանդի հայտարարությունների քննարկումը նա համարում հայկական իրականության մեջ քննարկումների նոր օրակարգի ներդրում:
«Այնպիսի տպավորություն է, որ խնդիր էր դրվել հայկական քննարկումների մեջ նոր օրակարգ բերել, մոռանալ մեր տնտեսական, ժողովրդավարական խնդիրները, անվտանգության հարցերը, քննարկենք հին թեզի նման տարբեր բառախաղով ներկայացված մի երևույթ: Եթե Հոգլանդի նպատակը դա էր, ապա նա հասել է նպատակին»,-լրագրողների հետ այսօրվա հանդիպմանն ասաց Պողոսյանը:
Նրա խոսքով, եթե նպատակը եղել է հիշեցնել, որ ԱՄՆ-ն ևս ներգրավված է ԼՂ խնդրի կարգավորման բանակցություններում, ապա այս դեպքում էլ ամերիկացի դիվանագետը հաջողել է՝ հաշվի առնելով հանգամանքը, որ հայտարարությունն արվել է Սարգսյան-Պուտին հանդիպման օրը:
Նախկին պատգամավորը Հայաստանի համար առավել կարևորում է սեփական օրակարգ ունենալը.
«Մենք ընկել ենք և քննարկում ենք լիակատար այլ օրակարգեր՝ մոռանալով սեփական օրակարգի մասին: Ժամանակն է, որ մենք մեր սեփական օրակարգից չհեռանանք, չընկնենք այլոց շահերի սպասարկման մեջ»:
Ռիչարդ Հոգլանդի հայտարարությունից հետո Թևան Պողոսյանը մի դրական բան է նկատել՝ հայկական հասարակությունում տեղի են ունենում քննարկումներ, հայկական հասարակությունը բաց է տարբեր տեսակետներ հնչեցնելու համար, սա այն դեպքում երբ Ադրբեջանում փակում են «Թուրան» գործակալությունն ու լրագրողներ են ձերբակալում:
«Ես շատ ուրախ եմ, որ Արցախի ներկայացուցիչները շատ ավելի չոր, հստակ, կարճ հայտարարություններ են արել»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ԱԳ նախարար. Մեր դիրքորոշումը այդպիսի առաջարկների վերաբերյալ մնում է անփոփոխ
- Մարկարով. Տրամադրվածությունն այնպիսին է, որ դժվար թե այս տարածքները դառնան քաղաքական առևտրի առարկա
- Նալբանդյան. Ամերիկացի համանախագահը որևէ նորություն չի ասել
- ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը հրապարակել է «ղարաբաղյան կարգավորման հիմնական սկզբունքներ»