Ջանում ենք գտնել Հակակոռուպցիոն խորհրդին աջակցելու ամենաարդյունավետ ուղին. Ռիչարդ Միլս
«Ես ջերմորեն ողջունում եմ կոռուպցիայի դեմ պայքարին և բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված Ձեր ջանքերը, որոնք հանգեցրել են Հայաստանի նկատմամբ ամերիկյան ընկերությունների ու ներդրողների հետաքրքրության մեծացմանը»,- այս մասին նշել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսն՝ այսօր կառավարությունում վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը։
«Մենք շարունակում ենք դիտարկել ուղիներ, որոնցով կարող ենք աջակցել Ձեր ջանքերին և խորացնել երկկողմ առևտուրն ու ներդրումները. մենք ջանում ենք գտնել դա անելու լավագույն ուղիները, այդ թվում՝ Հակակոռուպցիոն խորհրդին աջակցելու ամենաարդյունավետ ուղին»,- կառավարության հետեղակտվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասել է դեսպանը։
Ռիչարդ Միլսն ընդգծել է, որ Հայաստանում գործող ամերիկյան ընկերություններից վերջին շրջանում շատ դրական ազդակներ է ստացել Պետական եկամուտների կոմիտեի գործունեության հետ կապված և ավելացրել, որ Միացյալ Նահանգները պատրաստ են շարունակել իրենց աջակցությունը՝ գործարար դաշտի հետագա բարելավման ուղղությամբ կառավարության նախաձեռնություններին:
Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին, ինչպես նաև ՊԵԿ-ի գործունեությանը՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ հաճելի է այս ոլորտներում կառավարության կողմից իրականացվող քայլերի մասին նման կարծիք լսել։
«Սակայն այս ուղղություններով դեռևս շատ անելիքներ ունենք և բարեփոխումները կրելու են շարունակական բնույթ: Ունենք վճռականություն՝ գործարար միջավայրը բարելավելու, կոռուպցիայի դեմ պայքարելու հարցերում, քանի որ այդ ամենը պարզապես անհրաժեշտություն է տնտեսության զարգացման համար», - ընդգծել է վարչապետը: