Քըլըչդարօղլու. «Ես խոսում եմ արդարությունից, իսկ Էրդողանը՝ շապիկից»
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քննադատությանը: Գրում է «Էրմենիհաբեր»-ն ու հիշեցնում, որ նախօրեին Էրդողանն անդրադարձել էր Քըլըչդարօղլուի կարճաթև շապիկով լուսանկարին` այն համարելով վիրավորանք Թուրքիայի քաղաքացու նկատմամբ:
«Այս լուսանկարները տրագիկոմեիդա են: Նրանք նման լուսանկարների պատճառով թշվառ դրության մեջ են հայտնվում»,-նշել է Էրդողանն, ապա հռետորական հարց ուղղել Քըլըչդարօղլուին. «Դու երբևէ Աթաթուրքին շապիկով ընթրելիս տեսե՞լ ես»:
Ի պատասխան Էրդողանի` քեմալական կուսակցության առաջնորդը նշել է, որ ինքն ու Էրդողանը տարբեր բաներից են խոսում. ինքը՝ արդարությունից (adalet), նախագահը՝ շապիկից (atlet):
«Արդարության քայլերթը շատերի տրամադրությունը փչացրեց: Շատերը չէին հավատում:
«Արդարություն քայլերթը» ավելի մեծ աջակցություն գտավ, քան ես սպասում էի: 73 տոկոսը վստահում է արդարությանը»,-Քըլըչդարօղլուի խոսքերը մեջբերել է թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի կայքը:
Իսկ Էրդողանի այն հարցին, թե Աթաթուրքին երբևէ շապիկով ընթրելիս տեսել են, Քըլըչդարօղլուն հակադարձել է հարցով՝ արդյո՞ք Էրդողանը ճանաչում է Աթաթուրքին:
Խոսելով լուսանկարի մասին, որը հենց «Արդարության քայլերթի» ժամանակ էր նկարվել՝ Քըլըչդարօղլուն նշել է. «Ստվերում +40-ի հասնող ջերմաստիճանի, մառախուղի պայմաններում եմ քայլել: Ամեն օր 3-4 վերնաշապիկ ու կոշիկ եմ փոխել: Այդ լուսանկարում չեք կարող կեղծավորության նշույլ իսկ տեսնել: Այն Անատոլիայի մի հասարակ քաղաքացու լուսանկար է»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում