Seedstars միջազգային մրցույթը նոր հնարավորություններ է ընձեռնում հայկական ստարտափերին
Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ կազմակերպում է Seedstars միջազգային մրցույթի տեղական փուլը, որին կարող են մասնակցել ցանկացած ոլորտում նորարարական լուծում ներկայացնող թիմերը։
Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի հանրային կապերից տեղեկացնում են, որ Seedstars World-ը սթարթափերի բացառիկ մրցույթ է արագ զարգացող շուկաների և ձեռնարկատիրական էկոհամակարգերի համար։ Մրցույթի միջոցով կապ է ստեղծվում ներդրողների և նորաստեղծ ստարտափերի միջև՝ գրավելով Սիլիկոնյան հովտում և Արևմտյան Եվրոպայում գործող խոշոր ներդրողների ուշադրությունը։ Դիմում-հայտ կարող են ներկայացնել զարգացման տարբեր փուլերում գտնվող ստարտափեր, ինչպես նաև արդեն պատրաստի պրոդուկտ առաջարկող թիմեր։
Լավագույն 12 ստարտափերը կմասնակցեն «Seedstars-Երևան» սթարթափերի տեղական փուլին, որը տեղի կունենա 2017 թ. սեպտեմբերի 23-ին: Մրցույթի հաղթողը հնարավորություն կստանա ներկայացնելու իր պրոդուկտը Շվեցիարիայում կայանալիք Seedstars համաշխարհային մրցույթին, որի հաղթողը կստանա մինչև 1 միլիոն ԱՄՆ դոլար ֆինանսավորում: Տարածաշրջանային հաղթողները կստանան տարբեր մրցանակներ՝ այդ թվում մենթորների, հաջողակ ձեռներեցների և այլ ներդրողների կողմից խորհրդատվություն, մասնակցություն աքսելերացիայի ծրագրերում և այլ ծառայություններ: Նախորդ տարիների տեղական փուլի հաղթող թիմերի համար միջազգային փուլը կարևոր նշանակություն է ունեցել իրենց պրոդուկտի առաջխաղացման համար։ 2015թ․ի հաղթող SoloLearn ընկերությունը ընդգրկվել է լավագույն տասնյակում և գրավել բազմաթիվ ներդրողների ուշադրությունը, ինչից հետո թիմը կարողացել է ներգրավել մեծ ներդրումներ, իսկ ներկայումս ունի 3 միլիոնից ավել օգտատերեր։
«Seedstars Երևան» սթարթափերի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտ կայքում` մուտքագրելով SSW_Yerevan_2017 կոդը։ Դիմում-հայտը պետք է ուղարկել մինչև սեպտեմբերի 19-ը: Մրցույթի տեղական փուլի կազմակերպման հովանավորներն են Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Շվեյցարիայի դեսպանատունը Հայաստանում։