ԵԱՏՄ արտահանման ապահովագրական գործակալությունները կհամագործակցեն
Աստանայում ընթացող «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովի շրջանակում, նախօրեին, ստորագրվել է ԵԱՏՄ արտահանման ապահովագրական գործակալությունների համագործակցության վերաբերյալ հուշագիր։
Մեկնաբանելով ԵԱՏՄ երկրների արտահանման ապահովագրական գործակալությունների մասնակցությունը «Եվրասիական շաբաթ» համաժողովի աշխատանքներին, «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության» գործադիր տնօրեն Արմեն Շահնազարյանը նշել է․ «ԵԱՏՄ անդամ պետությունների արտահանման ներուժի խթանումը, զարգացումը և ամրապնդումը, անշուշտ, կդառնա տնտեսական զարգացման կարևոր գործոն, իսկ արտահանման ընդլայնումը թույլ կտա դիվերսիֆիկացնել ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսությունների կառուցվածքը։ Ստորագրելով հուշագիրը՝ կողմերը հայտնում են իրենց պատրաստակամությունը համատեղ ուժերով նպաստել տնտեսական զարգացմանը և արտահանման խթանմանը ինչպես ԵԱՏՄ անդամ առանձին երկրներում, այնպես էլ ԵԱՏՄ ամբողջ տարածքում»։
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ հուշագիրը ստորագրել են «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» (ԱՓԲԸ) գործադիր տնօրեն Արմեն Շահնազարյանը, «EXIAR» ՌԴ պետական արտահանման վարկային գործակալության բաժանորդների հետ աշխատանքի և անդերրայթինգի գծով գործադիր տնօրեն Նիկիտա Գուսակովը, «Բելէքսիմգարատ»-ի գլխավոր տնօրեն Գենադի Միցկևիչը և «KazakhExport» արտահանման ապահովագրական ընկերության խորհրդի նախագահ Ռուսլան Իսակովը։
Հուշագրի նպատակն է ԵԱՏՄ անդամ պետությունների միջև ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ առևտրաշրջանառության խթանումը։ Հուշագրի համաձայն, այդ նպատակով կողմերը կստեղծեն արտահանման վարկերի և ներդրումների ապահովագրության փորձի և տեղեկատվության մշտական փոխանակման արդյունավետ համակարգ, ինչպես նաև այն արտահանման ծրագրերի, որոնց շրջանակում կարող է ներկայացվել համատեղ աջակցությունը։ Նախատեսվում է նաև համագործակցություն այն ծրագրերի շրջանակում, որոնք նախատեսում են ԵԱՏՄ-ում արտադրված ապրանքների, աշխատանքի ու ծառայությունների արտահանում երրորդ երկրներ, կամ ԵԱՏՄ տարածք։ Համատեղ կմշակվեն առաջարկություններ ԵԱՏՄ ներքին օրենսդրության կատարելագործման ուղղությամբ։