Լրագրողների պաշտպանության կոմիտեի կոչը Ադրբեջանի ղեկավարությանը
Բաքվում ձերբակալվել է ադրբեջանական «Թուրան» անկախ լրատվական գործակալության ղեկավար Մեհման Ալիևը՝ հարկերից խուսափելու և պաշտոնական լիազորությունների չարաշահման մեղադրանքով: Այս մասին տեղեկացնում է «Բի-Բի-Սի» լրատվական գործակալությունը։
Ինչպես հայտնում են այդ երկրի ԶԼՄ-ները, Ալիևը տեղափոխվել է Բաքվի Յասամալի շրջանի ոստիկանական վարչություն: Նա հայտնել է լրագրողներին, որ խափանման միջոցի ընտրության վերաբերյալ դատը պետք է կայանա 48 ժամվա ընթացքում:
Նաև հաղորդվում է, որ Ալիևը հրաժարվել է օգտվել դատարանի տրամադրած պաշտպանի ծառայություններից՝ հայտարարելով, որ ինքն իր փաստաբանն ունի:
Աղբյուրի փոխանցմամբ, «Human Rights Watch» կազմակերպության իրավապաշտպանները նույնպես կոչով դիմել են Ադրբեջանի իշխանություններին՝ հորդորելով չխոչընդոտել լրտավական գործակալության աշխատանքներին:
Լրագրողների պաշտպանության կոմիտեն (ԼՊԿ) կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել Մեհման Ալիևին։
«Ադրբեջանը պետք է դադարեցնի քաղաքական նկատառումներով Մեհման Ալիևի և «Թուրան» լրատվական գործակալության նկատմամբ հետապնդումները։ Իշխանությունները կանոնավոր կերպով ձերբակալում են լրագրողների և Քրեական օրենսգիրքը ոտնահարելով, ճնշում գործադրում անկախ լրատվամիջոցների վրա»,-նշել է Լրագրողների պաշտպանության կոմիտեի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրի համակարգող Նինա Օգնիանովան:
Անցած շաբաթ Ալիևը հայտնել էր, որ երկրի իշխանությունները սառեցրել են իրենց հաշիվները: Ադրբեջանի հարկային նախարարության ներկայացուցիչները նաև խուզարկումներ են իրականացրել գործակալությունում և առգրավել են ֆինանսական փաստաթղթերը: