Ըստ հաղորդման` ոստիկանության մի խումբ պաշտոնատար անձինք բռնություն են գործադրել քաղաքացու նկատմամբ
ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի բնակիչ Սևակ Ոսկանյանի հաղորդման վերաբերյալ նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:
ՀՔԾ-ի փոխանցմամբ՝ Սևակ Ոսկանյանը հաղորդում է տվել, որ 2017 թվականի օգոստոսի 18-ին ոստիկանության մի խումբ աշխատակիցների կողմից բռնի ուժով բերման է ենթարկվել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն, որտեղ հանցագործության կատարման վերաբերյալ խոստովանություն կորզելու նպատակով նույն պաշտոնատար անձինք խոշտանգել են իրեն` 10-11 ժամ ապօրինի զրկել են ազատությունից, վախեցրել` սպառնալով կիրառել այլ բռնի գործողություններ և իրեն մեղսագրել մեկ այլ հանցանքի կատարում: Հետաքննության մարմնի պաշտոնատար անձանց կողմից գործադրված բռնության, սպառնալիքների և այլ ապօրինի գործողությունների հետևանքով ինքը տվել է կեղծ խոստովանական ցուցմունք, որով հանցագործության կատարման մեջ անհիմն մեղադրել է այլ անձանց:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: