«Զորաց քարեր»-ում վերսկսվել են պեղումները
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի հրամանով կազմված արշավախումբը, ՊՈԱԿ-ի գիտնական-քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանի գլխավորությամբ, օգոստոսի 16-ից վերսկսել է պեղումները «Զորաց քարեր» հուշարձանի տարածքում: Այս մասին տեղեկանում ենք ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքից։
ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, արշավախմբի ղեկավարի տեղակալ Կարեն Փահլևանյանի փոխանցմամբ հնագետներն այս օրերին պեղումներ են իրականացնում հուշարձանի մի քանի հատվածներում: Բնակատեղիի հյուսիսից-հարավ ձգվող պարսպի ճարտարապետական կառուցվածքն ամբողջությամբ հասկանալու համար, պեղվել է վերջինիս մի հատվածը: Պարզվել է, որ այն թույլ հիմքերի վրա է եղել կառուցված, շատ արագ և, ըստ երևույթին, պաշտպանական նպատակ է հետապնդել: Կ. Փահլևանյանի խոսքով պարսպի հատվածում ընթացող պեղումները հնարավորություն կտան որակական առումով էլ ավելի լավ լուսաբանել կառույցի պատմական նշանակությունը, առանձնահատկությունը:
Պեղվել է նաև հուշարձանի տարածքում առկա 30 դամբարաններից մեկը, որը մինչև ՊՈԱԿ-ի պահպանությանը հանձնելը, բազմիցս «արժանացել» է գանձագողերի, հովիվների, որսորդների ուշադրությանը:
«Սկզբում կարծում էինք, թե հետաքրքիր նյութ չենք կարողանա գտնել, սակայն, երբ սկսեցինք պեղել դամբարանի կենտրոնական հատվածը, կավե անոթներ, դանակի ու նիզակի մասեր հայտնաբերեցինք: Ըստ երևույթին դամբարանում թաղված անձը հասարակության մեջ բարձր դիրք է զբաղեցրել», -իր խոսքում ասել է Կ. Փահլևանյանը:
Աղբյուրը հայտնում է նաև, որ հնագետները նույն հատվածում կենդանիների ոսկորներ, ատամներ են հայտնաբերել, նաև` ժանիքներ: Կ. Փահլևանյանի խոսքով ամբողջական պատկերացում կարելի է կազմել միայն նյութի մշակումից, համադրումից և լաբորատոր ուսումնասիրությունից հետո: Այս օրերին արշավախումբը նաև օձի գլխով ապարանջան, բրոնզե ուլունքներ և այլ գտածոներ է հայտնաբերել:
ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալի փոխանցմամբ առաջիկայում հնագիտական արշավախմբին կմիանան նաև լեհ մասնագետները:
Հարակից հրապարակումներ`
- Ծմակահողի Սուրբ Ստեփանոս եկեղեցու պեղումներից եզակի գտածոներ են հայտնաբերվել
- Արագածի արևմտյան փեշերին սկսվել են պեղումները
- Արցախի նախագահը ծանոթացել է նախկին Մեղրեցոց վանքի տարածքում իրականցվող պեղումներին
- Շուշիի Մեղրեցոց եկեղեցում պեղումներ են կատարվում
- Պեղումներ՝ Շուշիում գտնվող իրանական «Վերին մզկիթ» հուշարձանի տարածքում
- Արցախում պեղումները շարունակվում են
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին