
Ամերիկյան կողմը պատրաստակամ է օգնել վերացնելու Խոսրովի անտառի հրդեհի հետևանքերը
Վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն ափսոսանքն է հայտնել «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված խոշոր հրդեհի կապակցությամբ: Նա նշել է, որ ԱՄՆ-ում լսելով չէ, որ գիտեն, թե ինչ բարդություններ կան նման աղետների դեմ պայքարում։
Դեսպան Միլսի խոսքով, դեսպանությունը կապի մեջ է ՀՀ արտակարգ իրավիճակների և ՀՀ բնապահպանության նախարարությունների հետ՝ հրդեհի հետևանքների վերացման գործում գերատեսչություններին տեխնիկական և փորձագիտական օժանդակության ուղղությունները հստակեցնելու նպատակով:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամության համար և ավելացրել, որ առաջիկայում «Խոսրովի անտառ» պետական արգելոցում տեղի ունեցածի կապակցությամբ վերլուծություններ են արվելու, որից հետո ամերիկյան կողմի հետ փոխգործակցությունը կլինի ավելի կոնկրետ: