Ադրբեջանի իշխանություններին քննադատում են «ԵԽ»-ն, «ԵԱՀԿ»-ն, «ԵԽԽՎ»-ն, «HRW»-ն, «Freedom House»-ը
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, ինչպես նաև անգլալեզու առաջատար պարբերականներն անդրադարձել են Ադրբեջանում գործող անկախ վերջին լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևի ձերբակալությանն ու կոչ արել Ադրբեջանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել վերջինիս։
Նշենք, որ լրագրողի ձերբակալությունը տեղի է ունեցել օգոստոսի 24-ին: Նրան կալանավորել են հարկերից խուսափելու և պաշտոնական լիազորությունների չարաշահման մեղադրանքով:
ԵԽ գլխավոր քարտուղար Թյուբորն Յագլանդը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել հարգել ԵԽ-ի հետ համագործակցությունը և ամբողջությամբ ի կատար ածել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան ու խուսափել անարդարության ևս մեկ դեպքից։
«ԶԼՄ-ները և լրագրողները պետք է առանց վախի կամ անպատեհ միջամտության իրականացնեն իրենց աշխատանքը»,-նշել է ԵԽ գլխավոր քարտուղարը։
Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Հարլեմ Դեսիրը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Մեհման Ալիևին:
«Հիմքեր կան կարծելու, որ Մեհման Ալիևի ձերբակալությունը քաղաքական շարժառիթ ունեցող քայլ է, և ես կոչ եմ անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել լրագրողին և երաշխավորել նրա հիմնարար ազատությունների հետագա պաշտպանությունը», - ասել է Դեսիրը:
Մեհման Ալիևին անհապաղ ազատ արձակելու հերթական կոչով է հանդես եկել նաև ԵԽԽՎ պատվիրակ, Ուկրաինան ներկայացնող պատգամավոր Վոլոդիմիր Արիևը։ Նա նշել է, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է խուսափեն որևէ գործողությունից, որը վատ ազդեցություն կունենա երկրի մամուլի ազատության վրա։
Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի փոխտնօրեն Ռեյչլ Դենբերն էլ հայտարարել է, որ Մեհման Ալիևը և Թուրան լրատվական գործակալությունը ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացվող անկախ ԶԼՄ-ները վերացնելու արշավի վերջին զոհերն են։ «Լրագրողներին փակելու փոխարեն, Ադրբեջանի կառավարությունը պետք է թույլ տա իրենց աշխատանքն իրականացնել»,-նշել է վերջինս։
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրասիայի գծով ծրագրերի ղեկավար Մարկ Բեհրեդենթը իր հերթին նշել է, որ «Թուրան»-ի և նրա տնօրենի դեմ Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացված քայլերը լուրջ հարված են ազատ մամուլին։
Ավելի վաղ նմանատիպ կոչով էին հանդես եկել Լրագրողների պաշտպանության կոմիտեն և Լրագրողներ առանց սահմանի միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները։
Նշենք, որ Մեհման Ալիևի ձերբակալության թեմային անդրադարձել են նաև «The Washington Post»-ը, «The New York Times»-ը, «Bloomberg»-ը, «BBC»-ն՝ նշելով, որ ընդդիմադիր Մուսավաթ կուսակցությունն ու Ազգային խորհուրդ շարժումը քննադատել են Ալիևի ձերբակալությունը, այն անվանելով մամուլի ազատության վրա վերջին հարձակում և կոչ արել ազատ արձակել վերջինիս։