Երբ լսեցի քանոնի ձայնը՝ մոռացա, թե ինչի համար էի եկել. Անժելա Աթաբեկյան
Հայաստանում համահայկական նոր փառատոն է անցկացվելու, որի նպատակն է պահպանել և սերունդներին փոխանցել հայկական մշակութային ժառանգությունը, համախմբել Հայաստանում և Սփյուռքում ստեղծագործող երաժիշտներին:
«Նաիրի» անունը կրողը համահայկական երաժշտական փառատոնի մրցանակաբաշխությունը տեղի կունենա սեպտեմբերին 20-ին, իսկ մինչ այդ՝ սեպտեմբերի 16-ին Հանքավանի «Նաիրի սպա ռեզորթս» հյուրանոցային համալիրում կբացվի երաժշտական այգին, որտեղ կտեղադրվեն հայ երաժշտությունը, նվագարանները, երգարվեստը խորհրդանշող բրոնզաձույլ պատկերաքանդակներով արձաններ, կկառուցվի հայ երաժշտության պատմությունը ներկայացնող թանգարան:
Նշենք, որ «Նաիրի» համահայական փառատոնի առաջին մրցանակակիրներն են Վլադիլեն Բալյանը, Հովհաննես Չեքիջյանը, Ջիվան Գասպարյանը, Բարսեղ Թումանյանը, Ռուբեն Մաթևոսյանը, Գագիկ Հախվերդյանը, Անժելա Աթաբեկյանը, Մեդեա Աբրահամյանը, Ալեքսանդր Զաքարյանը, Սվետլաննա Նավասարդյանը:
ՀՀ ժողովրդական արտիստ, քանոնահարուհի, երաժշտագետ, Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Անժելա Աթաբեկյանի խոսքերով՝ այս մրցանակը պարտավորեցնող է ու ոգեշնչող: «Անկախությունից հետո , ազգային երաժշտությունը հետին պլան էր մղվել և ոգեշնչող է, որ այսօր նման փառատոններ են անցկացվում և գնահատում վաստակաշատ երաժիշտներին»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասում է քանոնահարուհին:
Անժելա Աթաբեկյանը ցավով է նշում, որ այսօր ամենուր ցածրորակ երաժշտություն է հնչում, և նման փառատոնները ևս ռաբիսի ու ցածրորակ երաժշտության դեմ պայքարելու միջոց են. «Տարբեր առիթներով ասել եմ, որ մանկավարժները պետք է լուրջ գործով զբաղվեն, մենք կոչված ենք դաստիարակելու, այլ ոչ թե շոուներով զբաղվելու: Պետք է ի վերջո հասկանանք, թե որն է արվեստը, որն է արժեքը: Վստահ եմ, որ «Նաիրի» փառատոնի հիմնական մրցանակակիրները կլինեն պրոֆեսիոնալ խմբեր և կատարողներ, այլ ոչ թե «աստղիկները»»:
Քանոնի թագուհին հիշում է իր անցած կյանքի ուղին, առաջին քայլերն ու Հայաստանի հեռուստառադիոյի Ա.Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլում աշխատած երանելի տարիները:
Պատմում է, թե ինչպես քանոնի ձայնը փոխեց իր ամբողջ կյանքը: Երբ Արցախից գալիս է Երևան, որպեսզի ընդունվի Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան, միջանցքում լսում է քանոնի ձայնը, մտնում այդ սենյակը, որտեղ նվագում էին գործիքն ու կլանված լսում: «Երբ լսեցի քանոնի ձայնը՝ մոռացա, թե ինչի համար էի եկել: Անմիջապես որոշեցի սովորել քանոնի բաժնում: Ավարտելուց հետո Արամ Մերանգուլյանի հրավերով աշխատանքի անցա նրա ղեկավարած անսամբլում: Ակամայից դարձա քանոնահարուհի: Մերանգուլյանի անսամբլում աշխատելու տարիները համարում եմ իմ կյանքի լավագույն տարիները»:
Անժելա Աթաբեկյանը խոստովանում է, որ երբեմն մտածել է՝ կարող էր այլ մասնագիտությամբ զբաղվել, օրինակ, կարող էր վիրաբույժ դառնալ, բայց երկար տարիներ աշխատելուց հետո հասկացել է, որ դա էր իր կյանքը, քանոնահար լինելն էր իր կոչումը. «Աշխարհի տարբեր երկրներում համերգների ժամանակ մտածում էի, որ ինչ մասնագետ էլ լինեի, միևնույն է այսքան շրջագայելու հնարավորություն չէի ունենա: Այո, քանոնն իմ կյանքն է, իմ կոչումն է»:
Արևելյան գործիք համարվող քանոնը հիմնականում նվագում էին տղամարդիկ, սակայն Անժելա Աթաբեկյանն գործիքի նկատմամբ վերաբերմունքը փոխեց:
Քանոնահարուհին խոստովանում է, որ երբ հեռուստատեսությամբ ցուցադրել են իր ելույթները, որոշ ժամանակ անց նկատել է, թե ինչպես են ծնողները քանոնը ձեռքներին իրենց երեխաներին տանում երաժշտական դպրոցներ: «Ես ուրախացա, որ կարճ ժամանակում կարողացա սեր արթնացնել քանոնի նկատմամբ և ընդունվողներն էլ աղջիկներն էին»,- ասում է արվեստագետը:
Այսպիսով, Անժելա Աթաբեկյանն իր ուսուցչի՝ Խաչատուր Ավետիսյանի հետ դարձել է հայկական քանոնի դասական կատարողական դպրոցի հիմնադիրը, և նրա շնորհիվ քանոնը, որով հիմնականում նվագում էին տղամարդիկ, դարձավ կին-երաժիշտ կատարողների մենաշնորհ:
Մեծատաղանդ արվեստագետը մեծ ներդրում ունի գործիքի կատարողական արտահայտչամիջոցների ընդլայնման, նվագացանկի հարստացման, քանոնի տարածման և միջազգային ասպարեզում ճանաչման գործում: Նրա նվագացանկը ընդգրկում է ոչ միայն հայկական ժողովրդական, այլև հայ և համաշխարհային դասական կոմպոզիտորների լավագույն ստեղծագործությունները: Կազմել և խմբագրել է երկու ժողովրդական, մեթոդաբանական ձեռնարկներ և այլն:
Իր երկարամյա մանկավարժական գործունեության ընթացքում Անժելա Աթաբեկյանը կրթել ու դաստիարակել է երաժիշտ-կատարողների մի քանի սերունդ: Նրա ուսանողներից շատերն այսօր հայտնի քանոնահարուհիներ են, միջազգային մրցույթների դափնեկիրներ:
1972թ. հիմնել է «Աթաբեկյան քույրեր» վոկալ-գործիքային անսամբլը: Արժանացել է մի շարք մրցանակների տարբեր մրցույթների և փառատոների ժամանակ` առաջին հանրապետական ոսկե մեդալ (1957թ.), համամիութենական 1-ին կարգի դիպլոմ (1957թ.), էստրադայի արտիստների համամիութենական մրցույթի դափնեկիր (1958թ.) և այլն:
Համերգային շրջագայություններով հանդես է եկել աշխարհի շատ երկրներում՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա, Արգենտինա, Ավստրալիա, Եգիպտոս, Սիրիա, Հունաստան և այլուր:Քանոնահարի անվան հետ է կապված Արցախում քանոնի մուտքն ու լայն տարածումը:
Անժելա Աթաբեկյանն իր կատարումներով հարստացրել է Հանրային ռադիոյի ձայնադարանը, նվագել է վրացական «Մամլյոկի», հայկական «Տժվժիկ», «Սայաթ-Նովա» և այլ ֆիլմերում:
Նա երկու տասնյակից ավելի ղեկավարել է Մշակույթի նախարարության մեթոդ-կաբինետի ազգային նվագարանների բաժինը, որպես մեթոդիստ և խորհրդատու կազմակերպել է մրցույթ-փառատոններ, վերապատրաստման դասընթացներ: Այսօր էլ ղեկավարում է «Խարիտոնի» հայ-հունական վոկալ-գործիքային անսամբլը, որտեղ աշխատում են նաև թոռները:
Անժելա Աթաբեկյանի խոսքերով՝ անկախությունից հետո շատ բան փոխվեց, անսամբլներ փակվեցին, ժողգործիքների, այդ թվում՝ քանոնի նկատմամբ հետաքրքրությունը նվազեց, սակայն նվիրյալ անհատների շնորհիվ ժողգործիքների հանդեպ սերն աստիճանաբար վերականգնվում է: «Անկախությունից հետո ես վատ վիճակում էի, քանոնահարների բանակը նոսրացավ, բայց վերջին տարիներին այն համալրում են երիտասարդ փայլուն կատարողներ: Առանձին անհատների շնորհիվ այսօր կարող ենք ասել, որ երեխաները սիրում են քանոնը»,- նշում է Անժելա Աթաբեկյանը:
Քանոնահարուհին հպարտ է, որ իր անցած տարիների ընթացքում կարողացել է սերունդներ դաստիարակել, ստեղծել քանոնահարների մեծ բանակ։ Նույնիկս չի հիշում, թե որքան ուսանողներ է ունեցել և ունի, որոնք ոչ միայն հայրենիքում, այլև աշխարհի տարբեր երկրներում ներկայացնում են ազգային նվագարանները:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին