Ռիչարդ Միլս. Հայաստանում գործող ամերիկյան ընկերություններից վերջերս շատ դրական ազդակներ են ստացվել ՊԵԿ աշխատանքի հետ կապված
«Ես ջերմորեն ողջունում եմ կոռուպցիայի դեմ պայքարին և բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված Ձեր ջանքերը, որոնք հանգեցրել են Հայաստանի նկատմամբ ամերիկյան ընկերությունների ու ներդրողների հետաքրքրության մեծացմանը»,- հայտարարել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսը վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը:
Անդրադառնալով բիզնես միջավայրի բարելավմանն ու կոռուպցիայի դեմ պայքարին՝ դեսպան Միլսը նշել է.
«Մենք շարունակում ենք դիտարկել ուղիներ, որոնցով կարող ենք աջակցել Ձեր ջանքերին և խորացնել երկկողմ առևտուրն ու ներդրումները. մենք ջանում ենք գտնել դա անելու լավագույն ուղիները, այդ թվում՝ Հակակոռուպցիոն խորհրդին աջակցելու ամենաարդյունավետ ուղին»,-ասել է նա:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Ռիչարդ Միլսն ընդգծել է, որ Հայաստանում գործող ամերիկյան ընկերություններից վերջին շրջանում շատ դրական ազդակներ է ստացել Պետական եկամուտների կոմիտեի գործունեության հետ կապված և ավելացրել, որ Միացյալ Նահանգները պատրաստ են շարունակել իրենց աջակցությունը՝ գործարար դաշտի հետագա բարելավման ուղղությամբ կառավարության նախաձեռնություններին:
Կարեն Կարապետյանը նշել է, որ հաճելի է այս ոլորտներում կառավարության կողմից իրականացվող քայլերի մասին նման կարծիք լսել։
«Սակայն այս ուղղություններով դեռևս շատ անելիքներ ունենք և բարեփոխումները կրելու են շարունակական բնույթ: Ունենք վճռականություն՝ գործարար միջավայրը բարելավելու, կոռուպցիայի դեմ պայքարելու հարցերում, քանի որ այդ ամենը պարզապես անհրաժեշտություն է տնտեսության զարգացման համար», - ընդգծել է վարչապետը:
Կարեն Կարապետյանը և Ռիչարդ Միլսը քննարկել են նաև արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները։ Գործադիրի ղեկավարը նշել է, որ այժմ մշակվում է դատաիրավական ոլորտի բարեփոխման ճանապարհային քարտեզը՝ հաշվի առնելով առկա խնդիրներն ու բացերը, և այս ուղղությամբ հայկական կողմը նույնպես ակնկալում է ամերիկյան գործընկերների ու մասնագետների աջակցությունը։ Վարչապետը կարևորել է նաև ԱՄՆ դեսպանության գործուն մասնակցությունն առաջիկայում կազմակերպվելիք արդարադատության ոլորտի դոնոր կազմակերպությունների հանդիպմանը, որի ընթացքում կներկայացվեն այս բնագավառի հետագա բարեփոխումների հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները։
Զրուցակիցները քննարկել են նաև հայ-ամերիկյան հարաբերություններին վերաբերող մի շարք այլ հարցեր
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան