Զոհրաբյան. Փաստաբանները լավ չեն պատկերացնում, որ այս վատ նախադեպից առաջինը իրենք են տուժելու
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն անթույլատրելի է համարում Ժիրայր Սեֆիլյանի գործում որպես հանրային պաշտպան ներգրավված փաստաբան Մարինե Թովմասյանի նկատմամբ կատարվող գործողությունները:
«Այն ինչ կատարվում է փաստաբան Մարինե Թովմասյանի նկատմամբ (բնակության վայրում պիկետ, պատիվն արատավորող լուսանկարների տարածում), անթույլատրելի է բոլոր տեսակետներից: Չի կարելի թույլ տալ, որ փաստաբանին՝ իր մասնագիտական գործունեության կապակցությամբ ճնշման ենթարկեն և կապ չունի ճնշումը պետական մարմինների կողմից է, թե՝ հասարակության որոշ հատվածների»,-տարածած հայտարարությունում նշեկ է Արա Զոհրաբյանը:
Նա նշել է, որ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածը սահմանում է փաստաբանի գործունեության երաշխիքներ: Ընդ որում, արգելվում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ֆիզիկական և իրավաբանական անձանց (ներառյալ` զանգվածային լրատվության միջոցների) միջամտությունը փաստաբանական գործունեությանը:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ «Փաստաբանի մասնագիտական գործունեության ազատության մասին» 25.10.2000թ. №Rec(2000)21 հանձնարարականի 1-ին սկզբունքի 1-ին կետի համաձայն՝ հարկավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի հարգվի, պաշտպանվի և խթանվի փաստաբանի մասնագիտական գործունեության ազատությունը առանց խտրականության և իշխանությունների կամ հասարակության կողմից անիրավաչափ միջամտության, հատկապես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համապատասխան դրույթների լույսի ներքո:
Զոհրաբյանն ընդգծել է. «Փաստաբան Մարինե Թովմասյանի նկատմամբ ճնշման նախաձեռության հեղինակների ետևից գործող, կամ այս ճնշումներից հաճույք ստացող որոշ փաստաբաններ լավ չեն պատկերացնում, որ այս վատ նախադեպից առաջինը իրենք են տուժելու: Վաղը կարող են ձեր գործերով հակառակորդ կողմի հարազատները բողոքի ակցիաներ կազմակերպել ձեր բնակավայրերում և ձեզ վարկաբեկել, ինչը մեր մասնագիտությունը կդարձնի խոցելի:
Եթե փաստաբանն իր մասնագիտական գործունեության ընթացքում խախտում է օրենքը կամ փաստաբանի վարքագծի կանոնագրքի պահանջը, ապա դրա լուծման միակ օրինական ճանապարհը, փաստաբանների պալատին հաղորդում ներկայացնելն է:
Հ.Գ. Ի գիտություն փաստաբան Մարինե Թովմասյանի նկատմամբ ճնշումների հեղինակներին, Մարինե Թովմասյանը հղի է և սպասում է երեխայի»:
Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը հրաժարվել է հանրային պաշտպաններից, այդ թվում Մարինե Թովմասյանից: Դատական նիստին մասնակցած փաստաբանի տան դիմաց բողոքի ակցիա էր կազմակերպել Վարդգես Գասպարին՝ պահանջելով, որ «անկոչ հյուրի կարգավիճակում գտնվող փաստաբանը չպետք է մասնակցի դատական նիստին»:
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն իր էջում մասնավորապես գրել էր.
«Փաստորեն գտնվեց Մարինե Թովմասյան անունով հանրային այն պաշտպանը, ով պատրաստ է ձևական մնալ դատարանում՝ չնայած որ նրանից հրաժարվում են»:
Նրա գրառման ներքո փաստաբաններից մի քանիսը քննադատություն էին հնչեցրել իրենց գործընկերոջ մասին: Մասնավորապես պալատի անդամ Երվանդ Վարոսյանը գրել էր.
«Չներկայացնել այն անձի շահերը, ում պաշտպան են քեզ ներգրավել քո ասած օրենքով ու շարունակել գտնվել դատարանում... Տարբերակ է, գուցե դա նորօրյա փաստաբանությունն է»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին