Ջութակահարուհի Լուսինե Ազիզյանն արժանացել է Ագդերի համալսարանի արվեստի ֆակուլտետի մրցանակին
31-ամյա նորվեգաբնակ ջութակահարուհի Լուսինե Ազիզյանը և իր գործընկեր 34- ամյա թավջութակահար Լեոնարդո Սեսենան արժանացել են Նորվեգիայի Կրիստիանսանդ քաղաքի UiA- ի և Sparebanken Sør- ի համագործակցությամբ սահմանված Ագդերի համալսարանի արվեստի ֆակուլտետի մրցանակին։ Մրցանակը, որն իր մեջ ներառում է 75 հազար նորվեգական կրոն, նրանց է հանձնվել օգոստոսի 24-ին տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ՝ ռեկտորի և ֆակուլտետի դեկանի մասնակցությամբ։
«ՕՐԵՐ»-ին Լուսինե Ազիզյանն ասել է, որ մասնակիցները եղել են վեցը և ժյուրին ընտրություն է կատարել՝ նկատի ունենալով նրանց կենսագրություններն ու ապագա գործունեության ծրագրերը։
«Այս մրցանակը շատ բան է նշանակում մեր զարգացման համար»,- ասել է Լուսինեն և նշել, որ պատրաստվում են ոչ միայն համատեղ ձայնագրություններ կատարել, այլև հանդես գալ համերգներով հարավային Նորվեգիայում և նրա սահմաններից դուրս։
Տեղական մամուլի հաղորդմամբ, Կրիստիանսանդի նվագախմբի երկու երաժիշտները ստեղծել են համատեղ մի նախագիծ, որն ունի շատ բարձր գեղարվեստական մակարդակ։ Այս մրցանակի նպատակն է աջակցել հարավային Նորվեգիայում երիտասարդ երաժիշտներին իրենց ապագա գործունեության մեջ և խթանել նրանց ծրագրերի իրականացմանը։
Լուսինե Ազիզյանը ծնվել է Երևանում, 1993 թվականին հոր՝ հայտնի ջութակահար Սերգեյ Ազիզյանի հետ տեղափոխվել է Դանիա՝ Կոպենհագեն, 2015 թվականից աշխատում է Նորվեգիայում՝ Կրիստիանսանդի նվագախմբում։