Կարծախում բացվել է Ջիվանու տուն-թանգարանի հուշային մասը
Նախօրեին բացվել է Ջավախքի Կարծախ գյուղում գտնվող աշուղ Ջիվանու տուն-թանգարանի հուշային մասը: Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվանի հաղորդմամբ, տոնական օրը սկսվել է գյուղի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում մատուցված Սուրբ և Անմահ Պատարագով:
Հավարտ Սուրբ Պատարագի՝ հյուրերն այցելել են «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի կողմից կառուցված և բարեկարգված Ջիվանու տուն-թանգարան և մասնակցել բացման հանդիսավոր արարողությանը: Արարողությանը ներկա են եղել Հայաստանի Հանրապետության և Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ և այլ հյուրեր։ Այնուհետև գյուղի հարակից բլուրում տեղի է ունեցել դաշտահանդես և հյուրասիրություն։
Հիշեցնենք, որ Ջիվանու տուն-թանգարանը բացվել է 2016 թ. օգոստոսի 27-ին: Այն կառուցվել է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի նախաձեռնությամբ:
«Ջավախքին աջակցություն» հիմնադրամից հայտնում են, որ Ջիվանու տուն-թանգարանի հուշային հատվածը, որտեղ մեծանուն աշուղը անցկացրել է կյանքի առաջին տարիները, վերականգնվել է՝ պահանելով 19-20 դդ. տարածաշրջանին հատուկ ավանդական բնակարանի առանձնահատկությունները, համալրվել այդ ժամանակվա կենցաղային իրերով՝ հավաքագրված Կարծախից և հարակից գյուղերից:
ՋԱՀ-ի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը նշել է, որ հուշային հատվածի վերականգնման աշխատանքներում «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր վարչության ջանքերով ներգրավվել են իրենց ոլորտներում առաջատար, մասնագիտական բարձր կարողություններով նվիրյալների մեծ թիմ. տուն-թանգարանի ճարատարապետական-շինարարարական նախագծերի հեղինակ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հովհաննես Մութաֆյան, թանգարանի ազգագրագիտական բովանդակության և ցուցադրության կազմակերպման պատասխանատուն ազգագրագետ, թանգարանագետ Արգամ Երանոսյան, իսկ առարկաների մշակմամբ և վերականգնմամբ զբաղվել է մշակութաբան Նարինե Եղիկյանը, տուն-թանգարանի շինարարությունը իրականացրել է գլխավոր շինարար Միտյա Գալոյանը՝ իր թիմով:
Հայ մեծ աշուղ, ժողովրդական երգիչ Ջիվանին (Սերովբե Ստեփանի Լևոնյան, 1846 մարտի 5 – 1909 մարտի 19) ծնվել է Ջավախքի Կարծախ գյուղում, Բանգոյանների հայտնի գերդաստանում և շուրջ 18 տարի (մինչև 1864 թ.) ապրել իր հայրենի գյուղում, որտեղ աշակերտել է Ջավախքի մեծանուն աշուղներից մեկին՝ Սիայուն: Երկու տարվա ընթացքում պատանին այնպիսի առաջադիմություն է հանդես բերում, որ նույնիսկ դառնում է իր վարպետի մրցակիցը։ Վարպետը հայրաբար օրհնում է իր սանին և անունը դնում Ջիվանի։ Գյուղից հեռանալուց հետո Ջիվանին մեկ տարի ապրել և ստեղծագործել է Թիֆլիսում, այնուհետև՝ Ալեքսանդրապոլում, իսկ 1895 թ. անվանի աշուղը կրկին վերադառնում է Թիֆլիս, որտեղ անցկացնում է իր կյանքի վերջին տարիները: Հայրենի գյուղում աշուղ Ջիվանին վերջին անգամ եղել է 1908 թվականին: Աշուղ Ջիվանին բնորոշվում է որպես «հայ աշուղական արվեստի Մաշտոց»: Գաղտնիք չէ, որ մինչ Ջիվանին հայ աշուղները մեծամասամբ ստեղծագործել են օտար լեզուներով: Ջիվանիով հայացավ հայ աշուղական արվեստը: Աշուղի երկրորդ պատվավոր բնորոշումն է «հայ աշուղական երգարվեստի Կոմիտաս»: Այստեղ էլ պետք է փաստել, որ աշուղական ստեղծագործությունները Ջիվանիով մաքրվեցին արևելյան ելևէջումներից:
Լուսանկարները՝ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության ֆեյսբուքյան էջից:
Հարակից հրապարակումներ`
- Մեկնարկել են Ջիվանու տուն-թանգարանի հուշային հատվածի վերականգնման աշխատանքները
- Բացվել է Ջիվանու տուն-թանգարանը
- Ջիվանու տուն-թանգարանի բացմանն ընդառաջ
- Աշուղ Ջիվանու տուն-թանգարանն առաջիկայում կբացի իր դռները
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան