Աղբ նետողների համար տուգանք սահմանող օրենքի նախագիծը կներկայացվի կառավարություն
«Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում մշակվել է «Համայնքային թափոնների կառավարման մասին» ՀՀ նոր օրենքը, որի ընդունումը հնարավորություն կընձեռի հանրապետությունում կիրառել թափոնների կառավարման արդյունավետ, համակարգված և միասնական քաղաքականություն: Միաժամանակ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում էլ առաջարկվող փոփոխություններով կսահմանվեն շրջակայքի աղբոտման տուգանքները.
Տարածքային կառավարման նախարարությունից մանրամասնում են, որ օրենքի նախագծով առաջարկվում է.
«Շրջակայքի աղբոտումը մինչև 2 կգ համայնքային թափոնով առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնվեցապատիկի չափով՝ 16 հազար դրամ: Նույն գործողությունը, կատարված բնակելի տնից կամ այլ շենքից կամ շինությունից ` քսանապատիկի չափով՝ 20 հազար դրամ, շրջակայքի աղբոտումը 1 խոր. մ և ավել համայնքային թափոնով առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի ֆիզիկական անձանց դեպքում` վաթսունապատիկի, իսկ իրավաբանական անձանց դեպքում` երկուհարյուրապատիկի չափով: Շրջակայքի աղբոտումը խոշոր եզրաչափ ունեցող համայնքային թափոններով /ներառյալ փոխադրամիջոցներով, էլեկտրական և ինժեներական սարքավորումներով, շինարարական կամ այլ նման սարքավորումներով/ առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի ֆիզիկական անձանց դեպքում` հարյուրապատիկի, իսկ իրավաբանական անձանց դեպքում` երեքհարյուրապատիկի չափով» և այլն.
Օրենքի անցումային դրույթներով նախատեսվում է իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ կազմող, այնուհետև այդ գործերը քննող լիազորված աշխատակիցներ ունենալ, ինչպես նախարարության, ոստիկանության, այնպես էլ Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից լիազորված: Առանձին նախատեսված են վարչական քննություն չպահանջող դեպքերի ընթացակարգը: Առանձին սահմանված են վարչական տուժը կրելուց հետո պատճառած վնասի հատուցման հետևանքները աղբոտած տարածքի մաքրելու պարտավորությունը, ի կատար չածելու դեպքում ընթացակարգը»:
Օրենսդրական փաթեթը առաջիկայում կներկայացվի կառավարություն, որից հետո, ըստ ընթացակարգի, կուղարկվի Ազգային Ժողով:
Աղբյուրը հիշեցնում է, որ «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում հուլիսի 29-ին և մայիսի 27-ին կայացած համապետական շաբաթօրյակի արդյունքում գույքագրված, քարտեզագրված և անձնագրավորված 2029 (494,61 հա) աղբանոցից արդեն փակվել են 1534-ը, փակման ենթակա են ևս 218 աղբանոց: Այսօրվա դրությամբ առկա է 277 հիմնական աղբավայր և մինչև 2018 թվականի մայիսի 27-ը հանրապետությունում նախատեսվում է ունենալ 117 արտոնագրված աղբավայր:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը