Հայաստանում հղիության արհեստական ընդհատումները նվազում են. հետազոտություն
Հայաստանում ծնելիության գումարային գործակցի ցուցանիշը մեկ կնոջ հաշվով կազմում է 1.7 երեխա: Այս մասին այսօր «Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտություն. 2015-16 թվականներ» զեկույցի շնորհանդեսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը:
Նրա խոսքերով՝ 1990-ականների սկզբում այս գործակիցը կազմել է 2.8 ծնունդ մեկ կնոջ հաշվով:
Կարինե Սարիբեկյանի խոսքերով՝ Հայաստանում հղիության արհեստական ընդհատումների մասնաբաժինը նվազում է: Հետազոտության համաձայն՝ 2015-16 թվականներին հղիության 69 տոկոսն ավարտվել է կենդանի ծննդով, 23 տոկոսը` հղիության արհեստական ընդհատմամբ, իսկ 9 տոկոսը վիժումով կամ մեռելածնությամբ: 2000 թվականի հետազոտության համաձայն` հղիության արհեստական ընդհատումների մասնաբաժինը կազմել է 55 տոկոս, 2005 թվականին` 45 տոկոս, իսկ 2010 թվականին` 29 տոկոս:
Վարչության պետն ասաց, որ հղիության արհեստական ընդհատումների երկու երրորդը պայմանավորված է եղել այն փաստով, որ կինն այլևս չի ցանկացել երեխաներ ունենալ, իսկ 8 տոկոսը պայմանավորված է պտղի արատներ ունենալու վտանգով, 8 տոկոսի դեպքում որպես պատճառ նշվել է սեռի ընտրությունը, իսկ 7 տոկոսի դեպքում` մոր առողջության հետ կապված մտահոգությունները: