Աշնանը նախատեսված է Մոլդովայի նախագահի պաշտոնական այցը Հայաստան
Այս տարի աշնանը նախատեսված է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի պաշտոնական այցը Հայաստան: ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ այս մասին ասել է Մոլվոդայի վարչապետ Պավել Ֆիլիպը Մոլդովայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Ջիվան Մովսիսյանի հետ հանդիպմանը:
Պավել Ֆիլիպը կարևորել է նաև այս տարվա նոյեմբեր ամսին հայ-մոլդովական տնտեսական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի անցկացումը Երևանում` նշելով, որ այն կարևոր քայլ է առևտրա-տնտեսական կապերի ծավալման և զարգացման ուղղությամբ:
Դեսպան Մովսիսյանը ներկայացրել է տնտեսական բարեփոխումների շրջանակներում օտարերկրյա նեդրումների և հայկական ապրանքների արտահանման խթանման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերի մասին՝ անդրադարձ կատարելով այս տարի երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ անցկացված և նախատեսվող միջոցառումներին, որոնց թվում էին Երևանում տեղի ունեցած քաղաքական և իրավական խորհրդատվությունները, երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված միջոցառումները:
Մոլդովայի վարչապետն անդրադարձել է նաև Մոլդովայում տնտեսական բարեփոխությունների և մասնավորապես ներդրումների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղղությամբ կառավարության կողմից իրականացվող քայլերին՝ պատրաստակամություն հայտնելով աջակցելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ներդրումային ծրագրերին և նախաձեռնություններին:
Հանդիպման ժամանակ կողմերն ամդրադարձել են նաև տրանսպորտային հաղորդակցության հարցերին, մասնավորապես բեռնափոխադրումների իրականացման համար Ջուրջուլեշտ նավահանգստի հնարավորությունների օգտագործման և Քիշնև-Երևան-Քիշնև ավիաչվերթի իրականացման հեռանկարին: