«Նաիրիտը» այս վիճակով որևէ ապագա չունի. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ն անդրադարձել է «Նաիրիտ» գործարանում երեկ բռնկված հրդեին ու գրել. «Այլ կերպ ասած երեկվա հրդեհը 11 տարվա ընթացքում այս գործարանում տեղի ունեցած երրորդ տեխնածին աղետն է։ Եթե «Նաիրիտը» աշխատեր, աշխատատեղեր ապահովեր հազարավոր մարդկանց համար, ընթացքում անընդհատ արդիականացվեր, բարձրացվեր դրա արդյունավետությունը, պետական բյուջեն հարկեր ստանար, արտադրանքը արտահանվեր և այլն, կարելի էր կշեռքի նժարների վրա դնել դրա վտանգավորությունն ու տված օգուտը։ Այսինքն, կարելի էր քննարկել՝ պե՞տք է լինի «Նաիրիտը թե ոչ։ Բայց երբ «Նաիրիտը» մերթ ընդ մերթ պայթում ու հրդեհվում է, վտանգի տակ դնում մարդկանց կյանքերն ու դրա հետ մեկտեղ չի աշխատում, թերևս կշեռքի նժարից մեկին դնելու ոչինչ չկա այլևս։
Որքան էլ ցավոտ հնչի, «Նաիրիտը» այս վիճակով որևէ ապագա չունի։ Այն վաղուց վեր է ածվել տեխնածին աղետների «գեներատորի»Լ Հարցն այն չէ, թե արդյոք էլի՞ է պայթյուն կամ հրդեհ լինելու «Նաիրիտում»։ Խնդիրն այն , թե երբ է լինելու հաջորդ պայթյունը»: