«Նաիրիտ»-ի հարակից տարածքների օդը, ըստ մոնիտորինգի, մարդու առողջությանը անմիջական վտանգ չեն ներկայացնում. ԲՆ
ՀՀ Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների կողմից օգոստոսի 28-ին ժամը 14:30-15:00–ի սահմաններում «Նաիրիտ» գործարանի հարակից տարածքներում իրականացվել են մթնոլորտային օդի աղտոտվածության նմուշառումներ:
ԲՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ մթնոլորտային օդում ակտիվ նմուշառմամբ որոշված գետնամերձ օզոնի և ազոտի երկօքսիդի պարունակությունները դիտվել են սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների / ՍԹԿ/ տիրույթներում, ծծմբի երկօքսիդը գերազանցել է ՍԹԿ-ն 1,6 , ընդհանուր փոշին՝ 3,6 անգամ:Տարածքի մերձակայքում տեղադրված 6 պասիվ նմուշառիչների տվյալների համաձայն ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան 5 դիտակետում գերազանցել է ՍԹԿ-ն 1,1-4,8 անգամ: Բոլոր 6 դիտակետերում ազոտի երկօքսիդի կոնցենտրացիան գերազանցել է ՍԹԿ-ն 2,1-6,0 անգամ:
«ՀՀ կառավարության 2008 թ. հոկտեմբերի 16-ի N1186 որոշման համաձայն վտանգավոր է համարվում մթնոլորտի աղտոտվածության այն մակարդակը, որի դեպքում ՍԹԿ-ն երկու օրից ավելի գերազանցում է 20-29 անգամ, 8 ժամից ավելի՝ 30-49 անգամ կամ 2 ժամից պակաս՝ 50 անգամ և ավելի, այսինքն, արձանագրված կոնցենտրացիաները բազմակի անգամ ավելի ցածր են, քան վտանգավորության նվազագույն շեմը:Հետևաբար, արձանագրված գերազանցումները մարդու առողջության համար անմիջական վտանգ չեն ներկայացնում:
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է նաև, որ «Նաիրիտ» գործարանի տարածքում բռնկված հրդեհից որևէ քաղաքացի մարմնական վնասվածք չի ստացել։ Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում ծխահարված հրշեջներն անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալուց հետո դուրս են գրվել հիվանդանոցից։
Առողջապահության Նախարարությունը խորհուրդ է տալիս հրդեհի հարակից տարածքների բնակիչներին, որտեղ զգացվում են դրա հետևանքով առաջացած արգասիքները (փոշի, անսովոր հոտ, ծուխ), փակել բնակարանների դռները և պատուհանները։
Առավել խոցելի են երեխաները, հղի կանայք, ծերերը և շնչառական հիվանդություններ (մասնավորապես` ասթմա, բրոնխիտ, սիրտթոքային անբավարարություն) ունեցողները։
Նշյալ հիվանդություններով տառապող անձանց խորհուրդ է տրվում բաց չթողնել իրենց առօրյա դեղորայքի ընդունումը, խստագույնս հետևել բժշկի նշանակումներին, իսկ հիվանդության սրացման ախտանիշների դեպքում՝ անհապաղ դիմել բժշկի: Դիտարկումները շարունակվում են և դրանց վերաբերյալ պարբերաբար կներկայացվի տեղեկատվություն»,- ասված է նախարարության տարածած հողարդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- ԱԻՆ. «Նաիրիտ»-ում հրդեհի 3 օջախներում կրակն ամբողջությամբ մարված է
- Օդի բաղադրության մեջ մարդկանց առողջության համար վտանգավոր նյութեր չեն հայտնաբերվել. ԱԻՆ
- «Նաիրիտ» գործարանի հրդեհի մարումը տևական ժամանակ է պահանջելու. ԱԻՆ
- Բագիյան. Էթինոլ նյութը բարձր ջերմաստիճանի պայմաններում ինքնաբռնկման հատկություն ունի
- ԲՆ. Տոքսիկ նյութերի արտանետումը բացառվում է, տարհանման անհրաժեշտություն չկա
- «Նաիրիտ»-ում երեք հրշեջ է ծխահարվել
- ԱԻՆ. «Նաիրիտ»-ի հրդեհի հետևանքով բնակչությանը վտանգ չի սպառնում
- ԱԻՆ. «Նաիրիտ»-ում նախնական տվյալներով այրվում է էթինոլ նյութ
- ԱԻՆ. «Նաիրիտ»-ում կրակի տարածման վտանգ չկա
- Հրդեհ «Նաիրիտ» գործարանի տարածքում (լրացված)