Հրազդանի հանրակացարաններում բնակվող երեխաները ուսումնական տարին կսկսեն նոր պայուսակներով և գրենական պիտույքներով. «Ռոստելեկոմ»
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը և «Ռոստելեկոմը» սեպտեմբերի 1-ին ընդառաջ «Սոցիալ-հոգեբանական աջակցություն երեխաներին և միայնակ փախստական ծերերին» ծրագրի շրջանակներում Հրազդանի հանրակացարանաբնակ երեխաներին պայուսակներ և գրենական պիտույքներով փաթեթներ նվիրեցին։ Այս մասին հայտնում է «Ռոստելեկոմ»-ի հասարակայնության հետ կապերի բաժինը։
«Սեպտեմբերի 1-ը յուրաքանչյուրիս և հատկապես երեխաների համար տոն է՝ ուսումնական տարվա մեկնարկ՝ նոր գիտելիքների ձեռքբերման ու նոր բացահայտումների սկիզբ։ Ցանկանում եմ, որ Կարմիր խաչի գրասենյակի հետ համատեղ այս նվերները ոգևորեն երեխաներին և նրանք մեծ եռանդով, ժպիտներով ու բարձր առաջադիմությամբ սկսեն իրենց ուսումնական տարին»,- աղբյուրի փոխանցմամբ՝ նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
«Սոցիալ-հոգեբանական աջակցություն երեխաներին և միայնակ փախստական ծերերին» ծրագիրը, վերսկսվել է 2015 թվականի փետրվարից: Ծրագիրն ուղղված է հանրակացարանաբնակ միայնակ փախստական ծերերի և երեխաների սոցիալական ներգրավվածությանը հասարակությանը և տնային պայմանների բարելավմանը:
Ծրագրի շրջանակներում հանրակացարանաբնակ երեխաների հետ կամավորները բազմաբնույթ դասընթացներ են կազմակերպում՝ օգնում են երեխաներին իրականացնել տնային հանձնարարությունները, կազմակերպում ացելություններ մշակութային վայրեր, իրականացնում կինոդիտումներ և քննարկումներ իրենց հետաքրքրող թեմաներով, այլ միջոցառումներ: Ամռան ամիսներին կազմակերպվում է ճամբար առավել կարիքավոր երեխաների համար:
«Սոցիալ-հոգեբանական աջակցություն երեխաներին և միայնակ փախստական ծերերին» ծրագրում ընդգրկված են 7-14 տարեկան հանրակացարանաբնակ երեխաներ, 120 միայնակ փախստական ծերեր, իսկ գործունեությունն իրականացվում է 34 կամավորների մասնակցությամբ ու աջակցությամբ:
Ծրագիրն իրականացվում է Երևանի թվով 3 հանրակացարաններում (Արցախի 4/10,10/1, Շիրակի 2Ա/7, Նոր Նորք` Մոլդովական 29/1), ինչպես նաև Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Քոլեջի և Աբովյանի 1 հանրակացարաններում (Հատիսի 4-րդ նրբ.):
Ծրագիրը ներառում է նաև աջակցություն միայնակ փախստական ծերերին, որի շրջանակներում կամավորները շաբաթը մեկ անգամ այցելում են շահառու տարեցներին, օգնում են տնային գործերում, կազմակերպում սոցիալական և մշակութային միջոցառումներ: Ամիսը մեկ անգամ տարեցներին տրվում են սննդի փաթեթներ, երեք ամիսը մեկ անգամ` հիգիենիկ պարագաներ: Ձմռան ամիսներին ծրագիրը նախատեսում է նաև շահառուների կոմունալ ծախսերի (էլեկտրաէներգիայի) մասնակի փոխհատուցում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները