Անահիտ Բախշյանը կոռուպցիայի հոտ է զգում
Կրթության ազգային ինստիտուտի նախկին փոխտնօրեն, Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը բաց նամակ է հղել վարչապետ Կարեն Կարապետյանին հիմնավոր պատասխան ստանալու ակնկալիքով: Նամակում մասնավորապես ասված է.
«Այսօր առավոտվանից փնտրում եմ ԿԳՆ կրթության տեսչության կայքը, բայց պարզվեց, որ այն չի գործում, իսկ փնտրում էի, որպեսզի տեղեկանամ, թե ո՞վ է պետի նորանշանակ պաշտոնակատարը, ի՞նչ կենսագրություն ունի և կրթության ոլորտում կառավարման ի՞նչ փորձ ունի, ինչպե՞ս է ժամանակին նշանակվել այդ տեսչության տեսուչ, միակ բարեմասնությունը նրա ՀՅԴ անդամ լինե՞լն է: Ի՞նչ նշանակալի գործունեություն է ծավալել Տեսչությունում, որ հենց ինքն է արժանացել այդ պատվին, իր գործունեության արդյունքում ի՞նչ փաստեր է արձանագրել դպրոցներում, որի արդյունքում ավելի արդյունավետ է դարձել տնօրենի կառավարումը:
Ու ամենակարևորը՝ ուզում էի գտնել այն հիմնավորումը, որով այս նորաթուխ պաշտոնակատարը չեղյալ է հայտարարել Արմավիրի 24 դպրոցներում նախօրոք ծրագրված տեսչական ստուգումները:
Շատ կասկածելի որոշում է, որից ակնհայտ կոռուպցիայի հովանավորչության տեսակի հոտ է գալիս: Ինչո՞ւ, որովհետև օր չկա, որ Արմավիրի մարզի տարբեր գյուղերի դպրոցներից անձամբ բողոք չստանամ կաշառակերության, պետական միջոցներն անձնական երեխաներին ու բարեկամներին աշխատավարձի ձևով յուրացնելու, անպատվաբեր դրամահավաքի վերաբերյալ: Միայն նշեմ, որ վերոնշյալ ապօրինությունների հետ կապված մարզի Ծիածան գյուղի դպրոցի տնօրենի նկատմամբ պետք է որ արդեն քրեական գործ հարուցված լիներ, որի մասին տեղյակ է մարզպետն էլ, ԿԳ նախարարն էլ, բայց այս խայտառակ երևույթի նկատմամբ նրանց վերաբերմունքը շատ «սառնասիրտ» է, որովհետև այդ երևույթներն իրենց համար սովորական են ու տարածված և փակ դռների ետևում քննարկվում Հակակոռուպցիոն հանձնաժողովում, որի նախագահը ՀՀ վարչապետն է:
Բախշյանը նամակում նաև նշում է. «Այս մարզպետի կամայականություններն ինչպես այս, այնպես էլ այլ դեպքերում, որոնց մասին ես կտեղեկացնեմ այլ իրավասու պետական մարմիններին, չափ ու սահման չունեն, մինչև ե՞րբ և ինչո՞ւ: Ոչ մի իրավասու պաշտոնյա և հատկապես Դուք, պարոն վարչապետ, չեք ասում. «Արմավիրի մարզպետ պարոն Ղահրամանյան, առյուծի սիրտ ես կերե՞լ, ո՞նց ես համարձակվում ի՛մ կառավարության որոշումները չկատարել»: Եվ այս հարցին հետևեր մարզպետին ազատելու վերաբերյալ վարչապետի հրամանն ու Կրթության տեսչության պետի պաշտոնակատարին հանձնարարվեր ՝ անմիջապես վերականգնել Արմավիրի մարզի 24 դպրոցներում ստուգում անցկացնելու մասին նախորդ հրամանն ու զեկուցել ՀՀ կառավարության հակակոռուպցիոն հանձնաժողովում»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան