Հայաստանը կարևորում է Բոսնիա և Հերցեգովինայի հետ գործընկերության վրա հիմնված հարաբերությունները. Սերժ Սարգսյան
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Բոսնիա և Հերցեգովինայի արտաքին գործերի նախարար Իգոր Ցրնադակին: Հանրապետության Նախագահը, ողջունելով հյուրին մեր երկրում և նշելով, որ սա Բոսնիա և Հերցեգովինայից բարձրաստիճան առաջին այցն է Հայաստան, այն լավ առիթ է համարել անդրադառնալու երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ու արդյունավետ համագործակցության ձևավորմանը: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ նման փոխայցերը հնարավորություն կստեղծեն լրացնելու այն բացը, որ ակտիվ քաղաքական երկխոսության բացակայության պայմաններում առաջացել է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած 20 տարիների ընթացքում:
Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է Բոսնիա և Հերցեգովինայի հետ բարեկամության, փոխադարձ վստահության և գործընկերության վրա հիմնված հարաբերությունները:
Արտգործնախարար Ցրնադակը նշել է, որ շատ ուրախ է գլխավորելու իր երկրից Հայաստան ժամանած բարձրաստիճան պաշտոնական պատվիրակությունը և ընդգծել է, որ կցանկանար, որպեսզի այս այցը դիտարկվի որպես հստակ քայլ և ուղերձ առ այն, որ իր երկիրը ցանկանում է զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ: Իգոր Ցրնադակը շեշտել է, որ երկու երկրների և ժողովուրդների միջև հարաբերություններն ու բարեկամական կապերը զարգացնելու համար չկա որևէ խնդիր: Նա հույս է հայտնել, որ իր այցի արդյունքներով նոր գլուխ կբացվի երկկողմ հարաբերություններում:
Նախարարը Հանրապետության Նախագահին ներկայացրել է իր երկրի արտաքին քաղաքականության հիմնադրույթները, տարբեր ուղղություններով զարգացման հեռանկարները, ինչպես նաև հետաքրքրվել է Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա վիճակով և զարգացումներով՝ ընդգծելով, որ Բոսնիա և Հերցեգովինան շարունակում է մեծ հետաքրքրությամբ հետևել տարածաշրջանի զարգացումներին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Նախագահ Սարգսյանը հյուրի խնդրանքով ներկայացրել է հայկական կողմի մոտեցումները:
Արտգործնախարար Ցրնադակն ընդգծել է, որ Բոսնիա և Հերցեգովինան կարևորում է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորումն ու աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:
Լուսանկարները՝ ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին