Սակավարյունության տարածվածությունը կանանց և երեխաների շրջանում նվազել է
«Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտություն, 2015-16» զեկույցի համաձայն՝ սակավարյունության տարածվածությունը կանանց և երեխաների շրջանում նվազել է:
Մասնավորապես, 6-59 ամսական երեխաների շրջանում սակավարյունության տարածվածության մակարդակը 2005թ.-ի 33 %-ից 2015-16թթ.-ին նվազել է մինչև 16 %: Սակավարյունության տարածվածությունն ամենաբարձրը Գեղարքունիքի մարզի երեխաների շրջանում է (49 %) և ամենացածրը՝ Արմավիրի մարզի երեխաների շրջանում (7 %):
Արդյունքները փաստում են, որ 15-49 տարեկան կանանց շրջանում սակավարյունության մակարդակը 2005թ.-ի 21 %-ից 2015-16թթ.-ին նվազել է մինչև 13 %: Ըստ մարզերի, սակավարյունության տարածվածությունը կանանց շրջանում փոփոխվում է. ամենացածրն արձանագրվել է Արմավիրի մարզում՝ 7 % և ամենաբարձրը Գեղարքունիքի մարզում՝ 39 %:
Նշվում է նաև, որ սակավարյունությունը մի փոքր ավելի տարածված է կրծքով կերակրող կանանց շրջանում (16 տոկոս), քան այն կանանց, ովքեր հղի են (11 տոկոս), կամ ովքեր ոչ հղի են, ոչ էլ կերակրում են կրծքով (13 տոկոս):
ՀԺԱՀ 2015-16-ի շրջանակում չափվել է 15-49 տարեկան կանանց քաշն ու հասակը: Կանանց ընդամենը 4 տոկոսն է նիհար, մինչդեռ 45 տոկոսը՝ գերքաշ է կամ գեր: Կանայք Շիրակում ամենաքիչն են հակված գերքաշության կամ գիրության (36 տոկոս), իսկ կանայք Արագածոտնում՝ ամենաշատը (59 տոկոս):
Նիհար կանանց մասնաբաժինը 2000-ից ի վերգրեթե անփոփոխ է մնացել, իսկ գերքաշ կամ գեր կանանց մասնաբաժինը 2000-ի 42 տոկոսից աճել է մինչև 45 տոկոս 2015-16-ին:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում վարձատրություն ստացող ամուսնացած տասը կանանցից 9-ը որոշում են` ինչպես են օգտագործելու իրենց վաստակածը
- Բարձրագույն կրթությամբ կանայք ավելի քիչ են ամուսնու կողմից բռնության ենթարկվում
- Հայաստանում հղիության արհեստական ընդհատումները նվազում են. հետազոտություն