Վարդահովիտ համայնքն ամբողջությամբ լուսավորված է
Վայոց Ձորի մարզի Վարդահովիտ համայնքում, որտեղ 1989 թվականից բնակվում են փախստական և մարզի տարբեր գյուղերից այստեղ տեղափոխված ընտանիքներ, արտաքին լուսավորության համակարգ երբևիցե չի եղել:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ այսուհետ Վարդահովիտի փողոցների լուսավորությունը կապահովեն 1,6 կմ երկայնքով տեղադրված 45 LED լուսարձակները։ Արտաքին լուսավորության նոր ենթակառուցվածքի ստեղծումը հնարավոր է դարձել Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցությամբ իրականացվող «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում։
Նորակառույց էներգախնայող համակարգի գործարկմանը ներկա են եղել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Վարդահովիտ համայնքի ղեկավար Սամվել Գևորգյանը և բնակիչներ:
«Գյուղական համայնքների զարգացմանն աջակցելը ՎիվաՍել-ՄՏՍ-ի առաջնահերթություններից է՝ որպես երկրում սոցիալական ու բնապահպանական խնդիրների լուծման նախապայման: Հայաստանի մի շարք գյուղական համայնքներում, ու արդեն՝ նաև Վարդահովիտում, արտաքին լուսավորության LED համակարգերի կառուցումը՝ իր երկարաժամկետ դրական ազդեցության շնորհիվ, կնպաստի բնակիչների կյանքի որակի բարձրացմանն ու գյուղական համայնքների կայուն զարգացմանը: Համայնքի բնակիչների ուրախությունն ու ոգևորությունն է՛լ ավելի են քաջալերում մեզ և ապացուցում ծրագրի հիմքում ընկած՝ սոցիալական պատասխանատվության ռազմավարության արդյունավետությունը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Բնապահպանական և էներգախնայող LED լուսարձակների շահագործումը 80 տոկոսով կնվազեցնի էներգիայի ծախսը: Արտաքին լուսավորության էներգախնայող համակարգի ներդրման շնորհիվ գյուղական համայնքները էականորեն կրճատում են իրենց ֆինանսական բեռը, իսկ համայնքային միջոցների խնայումը նպաստում է գյուղական կյանքի աշխուժացմանը:
Լուսարձակներն ամռանը գյուղի փողոցները կլուսավորեն 21:00-ից մինչև 00:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչև 23:00: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի ամբողջ գիշեր:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում